Մարգար Սեդրակյան․ Կոնյակի արտադրության արքան
31 Մարտի 2024, 23:50
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մարտի 31-ը հայտնի տեխնոլոգ, հայկական կոնյակի հիմնադիր Մարգար Սեդրակյանի ծննդյան օրն է։
Մանուկ հասակում Սեդրակյանը վերապրել է Հայոց ցեղասպանությունը։ Դպրոցն ավարտել է մանկատանը։ 1930 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։
Արդեն 1927 թվականից նա աշխատել է հայկական կոնյակի նոր տեսակների ստեղծման վրա, որոնք համաշխարհային հռչակ են բերել կոնյակի արտադրությանը։
1935 թվականից Սեդրակյանը դարձել է Համտեսի (դեգուստացիոն) կենտրոնական հանձնաժողովի անդամ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է բանակ, ստացել ոտքի բեկորային վիրավորում։ Հուլիսին հիվանդանոցում բուժվելուց հետո զորացրվել է բանակից և վերադարձել Հայաստանի մայրաքաղաք՝ շարունակելու իր աշխատանքը սիրելի բնագավառում։
1940-1948 թթ դասավանդել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։
Մարգար Սեդրակյանը կոնյակի պատրաստման նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է ոչ միայն Հայաստանում, այլև ԽՍՀՄ-ում։
Սեդրակյանի ստեղծած կոնյակները բազմիցս արժանացել են ոսկե մեդալների համամիութենական և համաշխարհային մրցույթներում։
1966 թվականին Մարգար Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակագործության բարձրագույն վարպետ» պատվավոր կոչում։
Տեխնոլոգն արժանացել է ֆրանսիական «Կամյու» կոնյակի տան բարձրագույն պարգևի՝ «Համտեսի ասպետ» մեծ արծաթե մեդալի։