Մթությունից՝ լույս. Հայ անվանի գեղանկարիչ Ռաֆայել Մեգալի կտավը Պրահայի Կամպա թանգարանում

02 Ապրիլի 2024, 10:55

Մշակույթ

Պրահայի Կամպա թանգարանում բացվել է «Պատրաստվել մթությանը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են Չեխիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Չինաստանի և Հայաստանի 13 հայտնի նկարիչների ու քանդակագործների  աշխատանքները։

Orer.eu-ի փոխանցմամբ՝ Հայաստանը ներկայացրել է հանրապետության վաստակավոր նկարիչ Ռաֆայել Մեգալը (Մելիքյան)։ Հայտնի համակարգող Ուվե Գոլդենշտեյնի հեղինակած այս շարքի 8-րդ ցուցադրության համար ընտրվել են եվրոպական հեղինակավոր պատկերասրահներում ցուցադրվող գեղանկարիչների գործեր։ Ինչպես համակարգողն է նշել, ընտրվել են ժամանակակից արվեստի այնպիսի գործեր, որոնց հեղինակները ստեղծագործելիս ինտելեկտուալ մոտեցում են ցուցաբերել։

Ռաֆայել Մեգալը (իրական ազգանունը՝ Մելիքյան) այդ ցուցահանդեսին ներկայացրել է կապիկներին նվիրված շարքի նկարներից մեկը` «Primal Reveries։Turbulent discussion» («Առաջնային երազ. Տուրբուլենտ քննարկում»), որը հեղինակել է 2023 թվականին։

Ռաֆայելի գեղանկարները ցուցադրվել են Ֆլորենցիայի, Նյու Յորքի, Լոնդոնի, Փարիզի, Տորոնտոյի, Սանկտ Պետերբուրգի հայտնի ցուցասրահներում։ Իսկ 2017 թվականին նա Հայաստանը ներկայացրել է Վենետիկի բիենալեում։