Բրիտանական «отстойник» դարձած իմ Էրեբունի
17 Ապրիլի 2024, 12:34
(Բրիտանական նավերը ՀՀ չեն գա, բայց կգան միգրանտներ, որոնց կարիքը Լոնդոնը չունի)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Հայաստանում շատերը հիշում են, որ 2017 թվականին «Ելք» դաշինքը, որն ուներ և ունի մի քանի քաղաքական և աշխարհաքաղաքական կուրատորներ, մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին։ «Ելք»-ի ընտրացուցակը գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը, և որպես նախընտրական տեսահոլովակ դաշինքը հանրությանը ներկայացրեց «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը՝ դաշինքի անդամների կատարմամբ։ Երգի տողերից մեկը կատարել է նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի երաժշտա-քաղաքական ելույթից տարիներ անց կարելի է արձանագրել, որ Հայաստանը, և դրա հետ մեկտեղ, տրամաբանական է, որ նաև Հայաստանի մայրաքաղաքը բրիտանական «отстойник»-ի վերածվելու ճանապարհին է։ Այսինքն՝ մեր Էրեբունին կարող է վերածվել «Մեծ Բրիտանիայի համար անպետք ներգաղթյալի ճամբարի»։
Ինչի՞ մասին է խոսքը։ Միացյալ Թագավորությունը բանակցություններ է սկսել Հայաստանի, Կոտ Դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ անօրինական միգրանտներին այս երկրներ ուղարկելու վերաբերյալ մի սխեմայի շուրջ, որը նման է Ռուանդայի հետ համաձայնագրերին: Այս մասին ապրիլի 15-ին հայտնել է բրիտանական «Times» թերթը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության փաստաթղթերը, որոնք հասանելի են դարձել արտահոսքի պատճառով։
Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև գործող միգրացիոն համաձայնագիրը նախատեսում է, որ Մեծ Բրիտանիա ժամանող անօրինական ներգաղթյալները կարող են արտաքսվել աֆրիկյան երկիր՝ առանց բրիտանական իշխանություններին ապաստան խնդրելու իրավունքի։ Մինչ այս համաձայնագիրը, միգրանտները կարող էին մնալ Բրիտանիայում, քանի դեռ նրանց ապաստանի հայցը քննվում էր: Ըստ «Associated Press»-ի՝ 2023 թվականի հունիսի դրությամբ Բրիտանիան Ռուանդային վճարել է 140 միլիոն ֆունտ (170 միլիոն դոլար) այս համաձայնագրի շրջանակներում։
Բրիտանական «The Times»-ում հոդվածի հայտնվելուց հետո (ևս մեկ անգամ նշենք, որ սա լրագրողների հետաքննություն չէ, շահարկում չէ, այլ գաղտնի տեղեկատվության արտահոսք), ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, սակայն կոնկրետ հոդվածում բարձրացված հարցի վերաբերյալ բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել։
Դիվանագիտական լեզվից առօրյա լեզվի թարգմանելով՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները փաստացի հայտարարել են՝ առարկայական կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել՝ չհերքելով սակայն տեղեկությունը որպես այդպիսին։ Եթե բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել, ապա ի՞նչ է եղել՝ կարծիքների փոխանակո՞ւմ, քաղաքական նախագծերի փոխանակո՞ւմ։ Փաստն այն է, որ բանակցությունները եղել են և կարող են դեռ շարունակվել։ Պատահական չէ, որ «սպիտակ պարոնը»՝ Լեո Դոչերտին, որը նաև համատեղությամբ Միացյալ Թագավորության եվրոպական հարցերով պետնախարարն է, եկավ Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու։
Ըստ «The Times»-ի՝ բրիտանական իշխանությունները 150 հազար ֆունտ են առաջարկում իրենց տարածքից վտարվող յուրաքանչյուր անօրինական ներգաղթյալի համար։ Այս պլանի համար կհատկացվի մոտ 5 միլիարդ ֆունտ (կրկին 5 միլիարդ թիվը՝ նկատեցի՞ք)։ Գումարը բավականին տպավորիչ է հատկապես այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Բոտսվանան, Կոտ դ’Իվուարը, Կոստա Ռիկան ու նաև Հայաստանը: Հենց այս երկրներ են բրիտանացիները մտադիր տեղափոխել իրենց ներգաղթյալներին։ Հենց այս երկրները, Ռուանդայից հետո, պետք է դառնան բրիտանական «отстойник»:
Մի կողմ թողնենք նույնիսկ այն, որ կառավարությունը, որը 4 տարվա ընթացքում չի կարողացել 13 տուն կառուցել Շուռնուխի բնակիչների համար, շատ մեծ հավանականությամբ չի կարողանա գաղթականների համար այնպիսի ճամբարներ կառուցել, որոնցից դուրս գալն անհնարին կլինի, ինչն իր հերթին նշանակում է, որ Հայաստանում հանցագործությունն ու համաճարակային իրավիճակը կտրուկ կվատթարանան, և եկեք ինքներս մեզ հարց տանք՝ Նիկոլ Փաշինյանը սրա համար մանդատ ստացե՞լ է 2018 թվականին, երբ հայտնի իրադարձությունների արդյունքում եկավ իշխանության։
Ո՞վ և ե՞րբ է տվել Փաշինյանին Հայաստանը բրիտանական «отстойник» վերածելու մանդատ: Ի դեպ, մեկ այլ նրբերանգ էլ. 2016 թվականից թուրքական իշխանությունները ևս համաձայնագիր ունեն ԵՄ-ի հետ՝ թուրքական տարածքում ճամբարներ ստեղծելու վերաբերյալ, որտեղ միլիոնավոր փախստականներ են պահվում (ինչպես Սիրիայից, այնպես էլ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի այլ երկրներից), որոնց արգելվում է մուտք գործել Եվրամիության տարածք, ինչի դիմաց Բրյուսելը Անկարային միլիոնավոր եվրո է վճարում։
Հայաստանի ինտեգրումը թյուրքական աշխարհին հենց այսպես է կատարվում՝ ՀՀ իշխանություններն, ըստ երևույթին, դիտարկում են Էրդողանի արածի օրինակով փող աշխատելու հնարավորությունը…
Մտածե՛ք այդ մասին…»։