Ստեփանակերտում խուլ ու համրերի համայնքի համար միջոցառում է կազմակերպվել  

01 Հունիսի 2023, 18:20

Հայեր

Այսօր՝  հունիսի 1-ին, Հայ Առաքելական եկեղեցու  Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի նախաձեռնությամբ Սուրբ  Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու ներքնահարկի սրահում  խուլ ու համրերի համայնքի  համար միջոցառում է կազմակերպվել:  

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Տերունական  աղոթքին հաջորդել է Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը։ 

«Մարդիկ, առհասարակ շատ են լսում աշխարհի աղմուկը և մոռանում են իրենց ներքին ձայնը լսել, որը հավատքի հիմքն է, իսկ ձեզ, կարելի է ասել,  այդ առանձնաշնորհն ունեք. Աստծո ձայնը մշտապես լսում եք ձեր ներսում և ավելի մեծ հոգևոր փորձառություն ունեք:

Այսօրվա մեր հնարավորությունը նաև առիթ է՝ կապ հաստատելու ձեզ հետ, եկեղեցու միջոցով կապը դարձնելու շարունակական և սովորելու իրարից»,-  ասել է Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:

Մեզ հետ զրույցում նա նշել է, որ նախաձեռնության նպատակն  Արցախի խուլ ու համրերի համայնքին  հոգևոր կյանքին ներգրավելն է։

«Այսուհետ Արցախի խուլ ու համրերի համայնքի հետ ամենշաբաթյա հանդիպումներ են լինելու, որոնց ընթացքում կլինեն հոգևոր ֆիլմի դիտումներ  և հոգևոր զրույցներ»,-հավելել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:

Միջոցառման  վերջում մասնակիցներն Արցախի թեմի կողմից սրբապատկերներ և խաչեր են ստացել: