Հայաստան-Սփյուռք-արցախահայեր եռամիությունը պետք է պայքարի հայրենիքի և հաղթանակի համար․ Իրինա Բարսեղյան-Կրպեյան
08 Մայիսի 2024, 00:25
Տարիներ առաջ գետաշենցիները բռնի հայաթափման ենթարկվեցին, բայց թշնամու քաղաքականությունը, կարծես, չփոխվեց և այդ ամենը հասան մեր օրեր։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց պատմաբան, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի այրին՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը։
«Ես եկել եմ Լոս Անջելես՝ ներկայացնելու իմ գրքերը, որոնք հայերեն տպագրվել են 2016 թ-ին, իսկ անգլերեն՝ 2019 թ-ին։ Այս գրքերում ամփոփված են տեղեկություններ, որոնք ոչ մի տեղ ամբողջական չեք գտնի։ Գրքերը ներկայացնում են Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը, հայ ազգային-ազատագրական պայքարի պատմությունը չորս տարիների ընթացքում, մինչև Թաթուլ Կրպեյանի՝ այդ պայքարին միանալը և նրա 8-ամսյա պայքարը։ Սակայն գետաշենցիները բռնի հայաթափման ենթարկվեցին, 5 հերոս զոհվեց, իսկ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասնում էր երեք տասնյակի։ Այդ գործողությունները սկսվեցին, բայց կարծես ավարտին չհասան։ Դրանք շարունակվեցին մինչ 2020 թ-ի 44-օրյա պատերազմ»,- ասաց Կրպեյանը։
Նրա խոսքով՝ Հայաստան-Սփյուռք-արցախահայեր եռամիությունը պետք է պայքարի հայրենիքի և հաղթանակի համար։
«Մեր հաղթանակի բանալին մեր ժողովրդի միասնությունն է։ Մենք պետք է համախմբվենք և կանգնենք այս մեծ մարտահրավերի առաջ՝ հեռու մղելով այն բոլոր արհավիրքները, որ կարող են մեզ սպասվել։ Մենք էլ տեղ չունենք հայրենիքը փոքրացնելու։ Ամեն ինչ անցողիկ է, բայց հայրենիքը մնայուն է։ Մենք հայրենիքի համար պետք է անենք ամեն ինչ, որ կարողանանք պահպանել այս մի կտորը, և դրա վրա հզորանանք։ Հայաստան-Սփյուռք-արցախահայեր եռամիությունը պետք է պայքարի իր հայրենիքի համար և հաղթահարի ամեն բան՝ մեկ բռունցք դարձած»,- եզրափակեց Կրպեյանը։