Ձախ Հարութ. Նրա երգերը բոլորը գիտեն
01 Հուլիսի 2024, 22:00
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հուլիսի 1-ը հայ հայտնի երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի՝ ծննդյան օրն է։ Նրա «Ձախ Հարութ» բեմական անունը պայմանավորված է ձախլիկ լինելու հանգամանքով։
Սիրված երգիչը ծնվել է Երևանում: Վաղ պատանեկությունից հետաքրքրվել է երաժշտական գործիքներով ու սովորել է նվագել կիթառ, սազ, բուզուկի, դհոլ, դաշնամուր։ Իր ստեղծած «Էրեբունի» խմբով կատարել է տարբեր ոճի երաժշտություն, ներառյալ՝ ռոք, ռաբիզ, շանսոն։
70-ականների կեսերին երգիչը տեղափոխվել է ԱՄՆ և այնտեղ կազմել իր ընտանիքը։ Փամբուկչյանը մեծ հաջողությամբ համերգներ է ունեցել Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Ձախ Հարութի համերգները միշտ մարդաշատ են լինում:
Արտիստն ունի ավելի քան 20 ալբոմ։ Հայտնի երգերից են՝ «Ասմար աղջիկ», «Զոքանչ», «Մշո աղջիկ», «Հայ քաջեր», «Հեյ ջան, ղափամա» և այլն։
Փամբուկչյանը ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ հայ համայնքի բարեգործական և հասարակական գործունեությանը: Նա հայտնի է ոչ միայն սփյուռքահայերի, այլև ամերիկացիների շրջանում, որոնց հետաքրքրում է հայ ժողովրդի մշակույթը ։
Երգիչը հաճախ է գալիս Հայաստան, այցելում իր սիրելի վայրերը, ինչպես նաև հրաշալի երգեր է ձայնագրում հայտնի հայ արտիստների հետ: