Կիրանց գյուղ մտնող ճանապարհի 800 մետր հատվածն անցնում է Ադրբեջանին. Գոհար Վարդանյան

10 Հուլիսի 2024, 21:46

Քաղաքականություն

Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը պնդում է, որ գյուղ մտնող ճանապարհի շահագործման դադարեցումը կապված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հետ:

Մինչդեռ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը նախօրեին տեղեկացրել էր, թե հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը այսօրվանից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի շինարարական աշխատանքներով պայմանավորված: Խոսքը, փաստացի, Կիրանց գյուղի միջով անցնող ճանապարհի մասին է, որն այս ամսվա վերջին պետք է անցներ Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Ես տեղյակ եմ պաշտոնական հաղորդագրության մասին, բայց ճանապարհի 800 մետր հատվածը, որի մասին նշվում է այդ հաղորդագրության մեջ, անցնում է Ադրբեջանին: Դրա փոխարեն կառուցվող այլընտրանքային ճանապարհը դեռ պատրաստ չէ:

Հիմա Իջևանի կողմից Կիրանց գալու համար վարորդները կամուրջով մտնելու փոխարեն պետք է ձախ ճանապարհով մտնեն գյուղ, դա շրջանցող ճանապարհն է, որն անցնում է Աճարկուտ գյուղով: Ոստիկաններն այդ տարածքում ծառայություն են իրականացնում և վարորդներին ուղղություն ցույց տալիս: Կառուցվող այլընտրանքային ճանապարհի մի մասը դեռ գրունտային է, այդուհանդերձ, երթևեկության համար օգտագործվում է»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Գոհար Վարդանյանը: