Վտանգավոր մթերքը սպառվել է ոչ միայն Ռուսատանում, այլև հայկական շուկայում. Բաբկեն Պիպոյան
18 Հուլիսի 2024, 22:30
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Alpha News-ի ուղիղ եթերում ներկայացրել է Հայաստանից ՌԴ արտահանվող բուսական ծագման մթերքների արգեկափակման մասին որոշումը։
«Ռուսական կողմի հաղորդագրությունը կոնկրետ ապրանքների հետ կապված չէ, այլ ընդհանուր գնահատական է, ինչը նշանակում է, որ ներառված է պտուղ-բանջարեղենն ամբողջությամբ, այդուհանդերձ՝ «ամբողջությամբ» բառը կիրառելի է կոնկրետ տնտեսվարող սուբյեկտների, կոնկրետ արտահանողների և ոչ թե ամբողջ երկրի համար: Ճիշտ կլինի այս պահին վտանգների մասին չտանք որևէ գնահատական, որովհետև այն, թե կոնկրետ որ թունաքիմիկատի մնացորդի մասին է խոսքը, չգիտենք:
Այդուհանդերձ, կարող ենք փաստել մի բան. այն ամենն, ինչ կարգավորվում է տեխնիկական կանոնակարգերով, դրանցից յուրաքանչյուրն ունի մարդու կյանքի ու առողջության վրա բացասական ազդեցություն»,- ասել է մեր զրուցակիցը:
Պիպոյանի խոսքով՝ վատն այն է, որ հայկական կողմից չենք իմանում վտանգների մասին։
«Դեռևս այս տարվա գարնանը հայկական կողմը հաղորդագրութուն տարածեց, որ նախորդ մոնիտորինգի արդյունքում թունաքիմիկատների վտանգ է հայտնաբերել ու, ցավոք, պետք է փաստեմ, որ ինքը վտանգների մասին խոսեց ուշ: Սա ուղիղ իմաստով վկայում է այն մասին, որ տեսչական մարմինն ավելի շատ խոսում է մարդու կյանքը և առողջությունը կարևորելու մասին, քան իրականում կարևորում է:
Կբերեմ ամենատիպիկ օրինակը՝ բավական էր ունենալ մեկ հաղորդագրություն, թե օրինակ միջինում ձմերուկի մեջ որ թունաքիմիկատը որքան է գերազանցում նորման, ինչքան ենք օրական օգտագործում ու օրական ինչ ծավալի օգտագործման դեպքում առողջության համար ռիսկ չի պարունակի, վնաս չի հասցվի առողջությանը, գոնե մարդիկ կկարողանային սպառման ծավալով պաշտպանվել»,- նկատել է Պիպոյանը:
Մեր զրուցակիցը փաստել է՝ այդ վտանգավոր մթերքը միայն Ռուսաստան չէ, որ գնացել է. սպառվել է նաև հայկական շուկայում.
«Ինչու ենք հիմա ավելի շատ քննադատում լիազոր մարմնին, քան նախկինում. որովհետև հիմա այն ոչինչ չի անում: Ամեն օր չես կարող ասել՝ ոչինչ չի անում: Պիտի մի բան անեն, որ ասես՝ լավ արեցին կամ վատ արեցին: Ես դեռևս տնտեսական կողմին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև առաջին տեղում պետք է լինի մարդկանց կյանքն ու առողջությունը:
Մենք հիմա խոսում ենք առողջության համար վտանգավոր մթերքի մասին, որն այնպես չէ, որ միայն Ռուսաստան է գնացել, այն առկա է նաև մեր շուկայում, որովհետև տնտեսվարողները միայն Ռուսաստանի համար չեն դաշտերում ապրանք աճեցնում»,- եզրափակել է Բաբկեն Պիպոյանը: