Մեղրիի համայնքապետը ճանաչողական այց է կատարել Իրան
13 Հունիսի 2023, 00:27
Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հրավերով ճանաչողական այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այս մասին տեղեկանում ենք Մեղրիի համայնքապետարանից:
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել «Արաս» ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչների, «Արաս ՅՈՒՆԵՍԿՈ Գլոբալ Գեոպարկ»-ի աշխատակազմի և իրանահայ համայնքի անդամների հետ։
Պատվիրակներին ընդունել է Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․Գրիգոր Արք․ Չիֆթճյանը։
Հանդիպումների ընթացքում գործընկերները կիսել են առաջավոր փորձը՝ հստակեցնելով օրակարգային որոշ հարցեր։ Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել հայ-իրանական միջհամայնքային կապերը և պարբերաբար քննարկել ընթացիկ արդյունքները։
Հայաստանցի պատվիրակները մասնակցել են նաև Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդի կողմից Սուրբ Ստեփանոս վանքում մատուցված պատարագին։
Հանդիպումների ավարտին մտքեր են փոխանակվել մշակութային երկխոսության ակտիվության, զբոսաշրջության բնագավառի զարգացման շուրջ։
Համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել իրանցի գործընկերներին հրավերի համար և նրանց պատասխան այցով հրավիրել է Մեղրի։
Պատվիրակության կազմում են եղել Մեղրիի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի 15 բնակավայրերի ավագ դպրոցների 50 սովորողներ։