Սուրեն Հարությունյան․ Մարտիրոս Սարյանի և Ղազարոս Աղայանի ժառանգորդը

24 Օգոստոսի 2024, 23:54

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Օգոստոսի 24-ն աշխարհահռչակ նկարիչ, նկարազարդող և լուսանկարիչ Սուրեն Հարությունյանի ծննդյան օրն է:

Սուրեն Հարությունյանը ծնվել է 1950 թվականին Մոսկվայում՝ նկարիչների ընտանիքում: Նրա նախնիներն են եղել հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը, ինչպես նաև հայ անվանի գրող և մանկավարժ Ղազարոս Աղայանը:

Հարությունյանն ավարտել է Մոսկվայի Ստրոգանովի անվան արվեստի բարձրագույն ուսումնարան։ Բանակում ծառայելուց հետո նա սկսել է մասնակցել ոչ պաշտոնական ցուցահանդեսների, ինչպես նաև ստեղծել սյուրռեալիստական կոմպոզիցիաներ՝ ոգեշնչված «National Geographic» ամսագրից:

1977 թվականին Սուրենը տեղափոխվել է Նորվեգիա, որտեղ շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ և համագործակցել Նորվեգիայի և Շվեդիայի հրատարակչությունների հետ:

1979-1981 թվականներին Հարությունյանը կրթություն է ստացել Նյու Յորքում՝ արվեստագետ ուսանողների լիգայում և համագործակցել գրահրատարակչությունների և գովազդային գործակալությունների հետ։
1990 թվականից սկսած՝ նա բազմաթիվ ճանապարհորդություններ է իրականացրել՝ Պակիստանից Չինաստան՝ Մետաքսի ճանապարհի հարավային երթուղով։ Հետագայում այցելել է Կենտրոնական և Հարավային Աֆրիկա, Լատինական Ամերիկա, ապրել և աշխատել Զիմբաբվեի և Սիբիրի, Ղարաբաղի և Կանաչ Հրվանդանի կղզիների, Հնդկաստանի և Մոնղոլիայի գյուղերում: 1996 թվականից ապրել և աշխատել է Պորտուգալիայի հարավում և շարունակել ճանապարհորդել Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում՝ այցելելով ավելի քան 70 երկիր:

Սուրեն Հարությունյանը, լինելով գեղանկարչության աշխարհում նշանավոր և ճանաչված դեմք, ցուցահանդեսներ է անցկացրել Եվրոպայի տարբեր քաղաքների պատկերասրահներում:

Նա Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է: Հարությունյանի գեղանկարչության հիմնական ուղղություններն են սյուրռեալիզմը, սոցռեալիզմը և երկչափ տարածությունը: