Աբու Դաբիում բանակցությունները կարող են քայլ դառնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ․ Պավել Դուբրավսկի

10 Նոյեմբերի 2026, 15:00

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Պավել Դուբրավսկին Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում անցկացվող Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցություններին։

Փորձագետի խոսքով՝ հանդիպումն անցկացվում է ամերիկյան վարչակազմի՝ Ուկրաինայի նկատմամբ հռետորաբանության փոփոխության ֆոնին։

«Մենք տեսնում ենք ամերիկացիների, անձամբ՝ Դոնալդ Թրամփի հռետորաբանության փոփոխություն։ Նույնիսկ Մարկո Ռուբիոն, որը համարվում է ուկրաինական կողմի աջակից և բազմիցս է համակրանք արտահայտել Ուկրաինայի նկատմամբ, այժմ հրապարակայնորեն իրեն թույլ է տալիս քննադատել Կիևին։ Մյուս կողմից՝ հանրապետականների թևում Ջեյ Դի Վենսն է։ Մենք տեսնում ենք, որ նա, օրինակ, կարծում է, որ ԱՄՆ-ը և Ուկրաինան երբեք դաշնակիցներ չեն եղել։ Նույնիսկ մեկ վարչակազմի ներսում, մեկ երկրի ներսում կան տարբեր շահեր ներկայացնող խմբեր, որոնք այս հակամարտությանը տարբեր կերպ են վերաբերվում»,- նշել է քաղաքագետը։

Անդրադառնալով բանակցությունների հեռանկարներին՝ փորձագետն ընդգծել է, որ հանդիպումը կարող է շարունակությունը լինել այն տեխնիկական խորհրդակցությունների, որոնք ավելի վաղ առանձին անցկացվել են կողմերից յուրաքանչյուրի հետ։

«Կարծում եմ՝ սա հանդիպում է, որն անցկացվում է ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմերի հետ բազմակի տեխնիկական հանդիպումներից հետո։ Այստեղ առարկայական քննարկում կծավալվի այն հարցերի շուրջ, որոնք մինչ այդ առանձին քննարկվել են կողմերից յուրաքանչյուրի հետ։ Սա վկայում է հանդիպման կառուցողական բնույթի և բուն հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջընթացի հնարավորության մասին։ Նման հանդիպումներից երբեք պետք չէ ակնկալել ակնթարթային որոշումներ։ Ես կառաջարկեի սպասել հանդիպման ավարտին և դրանից հետո հնչող մեկնաբանություններին, և միայն դրանից հետո գնահատել, թե ինչպես այն անցավ»,- եզրափակել է Դուբրավսկին։

Հիմա եթերում