Աբսուրդ է, որ Հայաստանում կարող են գտնվել մարդիկ, որոնք կժխտեն Հայոց ցեղասպանությունը. Լուսինե Սահակյան
23 Մայիսի 2025, 13:25
Նախօրեին ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին: Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է թուրքագետ Լուսինե Սահակյանի հետ:
Նրա խոսքով՝ ասուրդ է, որ Հայաստանում կարող է նման հարցադրում առաջանալ:
«Թուրքերը տարիներով տարբեր գործիքակազմերով փորձել են ժխտման բիրտ մեխանիզմներ մշակել, բայց ճշմարտությունը, փաստերն աղաղակող են: Անկախ ամեն ինչից՝ մասնագետների պարտքն է շարունակել ուսումնասիրությունները, վեր հանել Հայոց ցեղասպանությանն առնչվող մանրամասները, վավերագրել դրանք»,- ասել է Լուսինե Սահակյանը:
Թուրքագետը հայտնեց, որ պատրաստվում է ցեղասպանության թեմայով իր գիրքը ներկայացնել Գլենդելում:
«Գիրքը նոր է հրատարակվել։ Մինչ այդ շնորհանդես է տեղի ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում, քանի որ այդ վավերագրերը պահվում են պատրիարքարանի արխիվում: 25 դոսյեից բաղկացած արխիվը 1922 թվականին Զավեն պատրիարքի կանխազգացմամբ, որ քեմալականները պետք է մտնեն Պոլիս, գաղտնի ճանապարհով ուղարկվում է Մանչեսթեր, այնտեղից՝ Մարսել: Եվ 1938 թվականին այս արխիվն ի պահ է տրվում Հայոց պատրիարքարանին: Երբ Զավեն պատրիարքը վերադառնում է աքսորից և ստանձնում պատրիարքական աթոռը, անգլիացիների, դաշնակից երկրների տարբեր հանձնակատարների աջակցությամբ հավաքում է հայկական հարցին վերաբերող մանրամասներ: Արխիվում կարող եք տեսնել օսմաներենով, հայերենով, ֆրանսերենով, անգլերենով նամակներ, զեկուցագրեր, վիճակագրական ցանկեր:
Պատրիարքարանի հետ համատեղ սկսեցինք սկանավորման աշխատանքները: Այնուհետև հարց առաջացավ ստեղծել առաջին ժողովածունլ, որից հետո որոշեցինք հրատարակել դոսյեները»,-նշել է Լուսինե Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: