Աբխազիայում հայ համայնքի ջանքերով հուշահամալիր է բացվել
10 Մայիսի 2025, 14:38
Սուխումի շրջանի Գումիստա գյուղում տեղի է ունեցել հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողություն: Կարմիր ժապավենը կտրել են Աբխազիայի Հանրապետության նախագահ Բադրա Գունբան և հայ համայնքի նախագահ Ալիկ Մինոսյանը: Այս մասին տեղեկանում ենք համայնքի տելեգրամյան ալիքում:
Միջոցառմանը մասնակցել են նաև փոխնախագահ Բեսլան Բիգվավան, վարչապետ Վլադիմիր Դելբան, խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան, Աբխազիայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Շուրգալինը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր քաղաքներից և շրջաններից:
Հուշահամալիրը և բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը ներառում են՝ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը, 1992-1993թթ. Աբխազիայի ժողովրդի Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանը, բնական կանաչապատմամբ ֆուտբոլի մինի դաշտը, մանկական խաղահրապարակը, երեխաների և մեծահասակների համար մարզահրապարակը, զբոսանքի գոտին և այլն:
Համալիրը կառուցվել է Աբխազիայի հայ համայնքի և կազմակերպության նախագահ Ալիկ Մինոսյանի միջոցներով: Գումիստա գյուղի բնակիչները նույնպես իրենց ներդրումն են ունեցել համալիրի կառուցման գործում: