Ադրբեջանական գազը կարող է վերածվել Հայաստանի նկատմամբ քաղաքական ազդեցության գործիքի. Դավթյան

Ռուսական գործոնը շարունակում է առանցքային դեր ունենալ Հայաստանի էներգետիկ համակարգում, և ներկայումս այն շրջանցելն անհնար է՝ հաշվի առնելով առկա ենթակառուցվածքային կախվածությունները։ Alpha News-ի հետ զրույցում ասել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ պաշտոնական Երևանը չի բարձրացնում գազատրանսպորտային համակարգի սեփականության փոփոխության հարցը, նոր էներգետիկ քաղաքականության շրջանակում ռուսական գործոնը շրջանցելու հնարավորությունները գործնականում բացակայում են։

«Այս պահին, հաշվի առնելով ենթակառուցվածքային պատկանելությունը, ռուսական գործոնը շարունակելու է առանցքային տեղ զբաղեցնել Հայաստանի էներգետիկ համակարգում»,- ասել է փորձագետը։

Ըստ Վահե Դավթյանի՝ Երևանի վարած քաղաքականությունը տարօրինակ է թվում և ավելի շատ արկածախնդրության տպավորություն է թողնում, քանի որ նոր նախաձեռնությունները սկսվել են այն պայմաններում, երբ Հայաստանը դեռևս չունի իրական այլընտրանքային ենթակառուցվածքներ։