Ադրբեջանցի պատգամավորի՝ ՌԴ մուտքի արգելքը կարող է ռուս-ադրբեջանական հարաբերությունների փլուզման միտում դառնալ. Բոգդան Բեզպալկո
06 Մայիսի 2025, 12:30
Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովի՝ Ռուսաստան մուտքի արգելքը, ինչպես նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարը:
«Ես կարծում եմ, որ միանգամայն հնարավոր է որոշակի իրավահավասարություն դիվանագիտության մեջ, բայց ես դրան շատ մեծ նշանակություն չէի տա, քանի որ դա իրականում չի կարող լրջորեն բարդացնել դիվանագիտական հարաբերությունները։ Սա շատ ավելի քիչ նշանակալի փաստ է, քան, օրինակ, Բաքվում «Ռուսական տան» փակումը կամ ինքնաթիռի կործանման փաստը, ինչի համար ադրբեջանական կողմը մեղադրում էր Ռուսաստանին: Ընդհանուր առմամբ, դա չի որոշում դիվանագիտական հարաբերությունները, և առավել ևս՝ տնտեսականը: Այնպես որ, դրանք խորհրդանշական գործողություններ են, , որոնք որոշ չափով կարող են նկատելի լինել, բայց ընդհանուր առմամբ դրանք դեռևս էական ազդեցություն չեն կարող ունենալ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա»,- ասում է Բեզպալկոն:
Փորձագետի կարծիքով՝ կողմերի նման քայլերը կարող են սիմպտոմատիկ լինել և հանգեցնել երկրների միջև խզման, եթե դրանք պարբերական դառնան:
«Եթե նման իրադարձությունները, ցուցադրական գործողություններն աճեն, ապա, անշուշտ, դա կնշանակի հարաբերությունների վատթարացում, որը վաղ թե ուշ կհանգեցնի դրանց փլուզմանը»,- եզրափակել է Բեզպալկոն: