Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել

28 Նոյեմբերի 2023, 18:45

Մշակույթ

Ադրբեջանը հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Շուշիում հերթական գերեզմանատունն է վնասել։ Այս մասին կրկին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության («Caucasus Heritage Watch») միջազգային կազմակերպությունը:

«Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են առանց այն էլ մասնատված տապանաքարերը»,– ասված է հաղորդագրությունում։

Օրեր առաջ Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը կրկին ահազանգել էր, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես «Երևանյան դարպասների» մոտի գերեզմանոց։