Ադրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները

01 Հոկտեմբերի 2026, 23:13

Քաղաքականություն

ՀՀ դատախազությունից 1lurer.am-ին փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ՆԳՆ 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել և զենքից կրակել մոր ոտքին: Ահազանգն անմիջապես փոխանցվել է ոստիկանության Սիսիանի բաժին:

Դեպքի վայրում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի տներից մեկը: Հայտնաբերվելուց հետո նա կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա. Ա.-ն:

Այնուհետև ադրբեջանցի զինծառայողը դիմել է փախուստի: Ձեռնարկված operativ միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի մեկ այլ հասցեում, ժամը 15:30-ին ձերբակալվել է և ներկայացվել նախաքննության մարմնին:

Վիրավորում ստացած քաղաքացուն սկզբում տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևան: Նույն օրը Սիսիանի ԲԿ-ից ահազանգ է ստացվել նաև այն մասին, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորված կնոջ՝ 2011 և 2014 թվականներին ծնված երեխաները: Անչափահասներից մեկի մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ մյուսի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 207-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի վայրի զննությամբ վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: