Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում և՛ լավ, և՛ վատ լուրեր ունենք. Նիկոլ Փաշինյան

18 Նոյեմբերի 2023, 17:20

Քաղաքականություն

Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացում մենք և՛ լավ, և՛ վատ լուրեր ունենք։ Այս մասին Երևանում մեկնարկած ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ հիմնական սկզբունքները համաձայնեցված են։

«Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների արդյունքում. Այդ համաձայնագրերն արձանագրվել են եռակողմ հանդիպումների արդյունքներով: Խաղաղության առաջին սկզբունքը հետևյալն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29.8 հազար քառ/կմ է, իսկ Ադրբեջանինը՝ 86.6 հազար.քառ/կմ: Առաջին սկզբունքը կոնկրետացնելու համար է երկրորդ սկզբունքը, որը հետևյալն է՝  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքը 1991 թվականի Ալմաթայի  հռչակագիրն է:

Ալմաթայի հռչակագիրը ստորագրել են Խորհրդային միության 12 հանրապետությունները 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, որով արվել են հետևյալ կարևոր երկու արձանագրումները՝ 1. Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ, 2. Խորհրդային 12 հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վարչական սահմանների անխախտելիությունը և Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցող սահմանները դառնում են պետական սահմաններ: Ահա այս հենքի վրա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կա որոշակի ըմբռնում:

Նաև կա ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամաբ տարածքային պահանջներ չունեն և պատրաստ են ստանձնել իրավական պարտավորություն ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշելու վերաբերյալ: Ահա սրանք են այն հենքերը, որով մենք Ադրբեջանին առաջարկում ենք փոխադարձաբար զորքեր չունենալ Խորհրդային միության ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կող, ինչպես նաև հասցեագրել էքսկլավ-անկլավ հարցերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե օրինակ՝ «ՀՀ ինքնիշխան տարածքի  էքսկլավ մաս հանդիսացող Արծվաշենը  ավելի քան 30 տարի գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո»։

Ադրբեջանի հետ խաղաղության հաջորդ սկզբունքը հետևյալն է՝ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա: Սա չափազանց կարևոր է, քանի որ խաղաղությունը մեր պատկերացմամբ մի վիճակ է, երբ տարածաշրջանի երկրներն ապրում են բաց սահմաններով, մշակութային, տնտեսական կապերով կապված, բոլոր հարցերը՝ դիվանագիտական երկխոսությամբ փորձ և ավանդույթ կուտակած: Նման բան շատ դժվար է պատկերացնել առանց ճանապարհային, երկաթուղային, օդային ակտիվ կոմունիկացիաներ ունենալու: Բայց սա ամենը չէ: Տարածաշրջանի երկրները միմյանց հետ պետք է կապված լինեն մալուխներով, էլեկտրաշարերով, էլեկտրագծերով: Եվ այս ամենի իր բաժինն ունենալու համար ՀՀ-ն ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ահա սրանք լավ լուրերն էին»,- ասաց Փաշինյանը։

Հաջորդիվ նա ներկայացրեց իր ձևակերպմամբ՝ վատ լուրերը։

«Իսկ որո՞նք են վատ լուրերը: Ամենավատ լուրն այն է, որ մենք դեռևս խոսում ենք տարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար, սրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝ երկարամյա հակամարտությունը, հազարավոր զոհերը, որոնց հարազատների աչքերին շատ դժվար է նայել, գերիները, որոնց ընտանիքների հարցերին պատասխաններ չկան, տասնամյակներով գերիշխող ատելությունը, կասկածները, որ կառուցողական հայտարարությունների տակ թաքնված են վատ մտադրություններ: Ընդ որում, ինչ ասում եմ՝ այս կամ այն չափով վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Բայց Ադրբեջանն օրինակ ոչ մի անգամ հղում չի արել և չի հաստատել իր հավատարմությունը վերը հիշատակված երեք սկզբունքներին, ինչը խորացնում է անվստահությունը:

Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովհանավորությամբ և պաշտոնական մակարդակով ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Արդբեջան» և այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում: Սա մեզ նոր պատերազմ, ՀՀ-ի դեմ ռազմական նոր ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է: Մենք չենք հասկանում նաև տասնյակ գերիներին հետևողականորեն չվերադարձնելու Ադրբեջանի մոտեցումը, չնայած վաղուց առաջարկել ենք այս հարցը լուծել խաղաղության օրակարգով:

Բայցևայնպես, ՀՀ-ն նվիրված է խաղաղության օրակարգին: Մտադիր եմ մեր կողմից ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար»,- ընդգծեց Փաշինյանը:

Հիմա եթերում