Ադրբեջանի նոր ագրեսիայի դեպքում Հայաստանին կտրամադրվի Եվրոպայի աջակցությունը. Եվրախորհրդարանի պատգամավոր

29 Փետրվարի 2024, 17:20

Կարծիք | Քաղաքականություն

Alpha News-ի հարցազրույցը Լիտվայից Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրաս Աուշտրյավիչյուսի հետ:

Հարց — Այսօր Եվրախորհրդարանում տեղի ունեցավ «ԵՄ-Հայաստան ավելի սերտ կապերը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը» թեմայով քննարկում: Ի՞նչ է ենթադրում այդ մերձեցումը։

-Սա պարզապես բանավեճ է, որին մասնակցելու են քաղաքական բոլոր խմբերը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հնարավոր ապագայի վերաբերյալ։ Նրանք շատ տարբերակներ ունեն:

Հարց — Հայաստանի վարչապետը հայտարարել Է ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության «սառեցման» մասին, ինչը ԵՄ-ն միշտ էլ որպես նախապայման է դրել երկրի հետ մերձեցման համար: Ի՞նչ եք կարծում, ինչու է դա տեղի ունենում: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։ Եվ ինչպես դա կանդրադառնա տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության վրա։

-Ցավոք, այս կազմակերպությանն անդամակցելը հենց սկզբից սխալ էր։ Կազմակերպությունը կոչված էր բավարարելու Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի շահերը։ Հայաստանը շատ բան կորցրեց, որովհետև դավաճանվեց ու անկյուն քշվեց տվյալ կազմակերպության կողմից առաջ քաշված տարբեր սահմանափակումներով։ Ես չեմ տեսել Հայաստանի համար այդ կազմակերպությունում գտնվելու արժեքը, և կարծում եմ, որ դա միանգամայն տրամաբանական որոշում է՝ վերջ դնել անդամակցությանը, քանի որ Ռուսաստանը ոչ մի անվտանգություն չի ապահովում։ Դա կայսերական պետություն է՝ հիմնված ագրեսիայի վրա։ Բոլոր հարևանները պետք է մարտական պատրաստության մեջ լինեն՝ տեսնելով, թե ինչ է անում Ռուսաստանն այս առումով։

Հայաստանն այժմ պետք է շատ ուշադիր մտածի իր անվտանգության երաշխիքների և այն հարթակների մասին, որոնց վրա երկիրը կարող է հենվել։ Սա շատ կարևոր է, քանի որ Հարավային Կովկասում, որքան մեզ հայտնի է, հատուկ անվտանգություն չկա։ Այս որոշումը կարող է հիմք հանդիսանալ ԵՄ Արևելյան հարևանության ծրագրի շրջանակներում հարաբերությունների զարգացման համար: Մեզ պետք է ավելի մեծ անվտանգություն, փոխադարձ վստահություն, ես նաև լավատեսորեն եմ տրամադրված, որ երկիրը ԵՄ-ի հետ կունենա ավելի համապարփակ հարաբերություններ։

Հարց — Տարածաշրջանում լարվածությունը չի նվազում, և մեծ է Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը: ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ ով կօգնի, ով կպաշտպանի Հայաստանը:

-Նոր ագրեսիայի դեպքում այդ որոշումը պետք է բխի ազգային ինքնիշխանության հարցից։ Երկիրը կարող է դիմել տարբեր երկրների, հատուկ հարաբերություններ զարգացնել աշխարհի ինչ-որ երկրների հետ, հատկապես Եվրոպայի։ Ես տեսնում եմ որոշ հայտարարություններ այս համատեքստում, բայց չեմ կարծում, որ դա բավարար է: Հայաստանը պետք է իրատեսորեն ավելին անի այս ուղղությամբ։ Ես միանգամայն համաձայն եմ, որ տարածաշրջանում անվտանգություն չկա, իսկ հայերն արժանի են, որ ունենան անվտանգություն, ազգային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է պաշտպանված լինեն միջազգային պայմանագրերով և օրենքներով: Թեև ես այնքան էլ լավատես չեմ որոշ երկրների հետ մինչ այդ կնքված պայմանագրերի վերաբերյալ, դրանք կայունություն չեն ապահովել։ Դրա համար մենք կանգնած ենք պատմության նոր էջի առաջ, ես կարող էի որոշ ուղղություններ առաջարկել, բայց ամեն ինչ կախված է Երևանից, թե Հայաստանն ինչ ապագա է տեսնում իր համար։

Հարց — Եթե համեմատենք Ուկրաինայի հետ, ապա եվրոպական զորքեր չեն ուղարկվել երկիր, այդ դեպքում ի՞նչ երաշխիքներ կարող են տրվել Հայաստանին:

-ԵՄ անդամ երկրներն, իհարկե, ապահովված են ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի անվտանգության երաշխիքներով։ Բայց դուք պետք է լինեք կազմակերպության անդամ, եթե դուք կազմակերպության անդամ չեք, ինչպես Ուկրաինայի դեպքում, չնայած այն հանգամանքին, որ նա թեկնածու է, և բանակցությունները շուտով կսկսվեն, մենք անում ենք այն ամենն, ինչ կարող ենք։ Կարծում եմ, որ մենք պետք է շատ ավելին տրամադրենք ռազմական և ֆինանսական առումով։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երկիրն, իհարկե, պետք է հույսը դնի ԵՄ-ի վրա, և մենք պետք է ցանկացած օգնություն տրամադրենք Հայաստանին, հատկապես այն միջոցները, որոնց կարիքն ունի երկիրն իր ինքնիշխանության պաշտպանությունն ապահովելու համար, եթե ինչ-որ բան տեղի ունենա։ Չեմ ուզում որևէ վատ բան կանխատեսել, բայց եթե դա տեղի ունենա, ցանկացած ագրեսոր երկիր պետք է իմանա, որ իհարկե Հայաստանին կտրվի մեր աջակցությունը։ Ես խոսում եմ ԵՄ անդամ երկրների և ԵՄ-ի՝ որպես կազմակերպության մասին, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայի դեպքում, ԵՄ-ն և ԵՄ երկրները համատեղ աջակցություն են ցուցաբերում, դա ոչ միայն ԵՄ-ի օգնությունն է, այլև ԵՄ անդամ երկրների ինքնուրույն նախաձեռնությունը՝ Ուկրաինային լրացուցիչ աջակցություն տրամադրելու համար։

Հարց — Ադրբեջանի նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում անցան «հաղթանակի» նշանով, որին հաջորդեց էթնիկ զտումը, և հայերը ստիպված եղան լքել իրենց հայրենիքը: Ապացույցն այն է, որ Ալիևը քվեարկել է Ստեփանակերտում։ Չնայած այն հանգամանքին, որ երկրում մարդու իրավունքների հետ կապված հսկայական խնդիրներ կան, չնայած Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի այս ընտրությունների վերաբերյալ հայտարարությանը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը շնորհավորել է Ալիևին ընտրությունների կապակցությամբ: Այս շնորհավորանքի ցինիզմը դուրս է որևէ պաշտոնական ժեստից, այն, ըստ էության, արդարացնում է բոլոր այն հանցագործությունները, որոնք Ալիևի վարչակարգը կատարել է և շարունակում է կատարել: Համաձա՞յն եք դրա հետ և ինչ եք մտածում դրա մասին:

— Ադրբեջանի նախագահական ընտրությունները ժողովրդավարական լեգիտիմություն չունեին։ Ես այնքան լավատես չեմ, որքան Շառլ Միշելը, կարծում եմ, որ  նա այս առումով որոշ սահմաններ է անցել։

Ես դա ընկալում եմ որպես նրա անձնական կարծիք, դա չի արտահայտում Եվրախորհրդարանի կարծիքը։ Իրականում, այս ընտրությունները ոչ մի օգուտ չեն բերում Ադրբեջանին, Ադրբեջանը կարող էր լինել ավելի ժողովրդավարական երկիր, որտեղ կարող էին լինել ազատ, արդար և մրցակցային ընտրություններ, որոնց ավելի շատ թեկնածուներ կմասնակցեին: Ես տեսնում եմ, որ հետխորհրդային ժառանգությունն Ադրբեջանում դեռ կենդանի է։ Ցավոք, այս երկիրը կարող էր այլ ապագա ունենալ։ Հուսով եմ, որ հաջորդ ընտրություններն այլ կերպ կլինեն։