Ադրբեջանի պատմության մեջ ոչ ոք Սյունիքը «Արևելյան Զանգեզուր» չի անվանել․ ադրբեջանցի գիտնական

15 Սեպտեմբերի 2026, 18:50

Քաղաքականություն

Ադրբեջանի պատմության մեջ ոչ ոք հայկական Սյունիքը «Արևելյան Զանգեզուր» չի անվանել։ Այս եզրույթը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շրջանառության մեջ է դրել 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո։ Այս մասին սոցցանցում գրել է Բաքվի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Ալթայ Գյոյուշովը։

«Միայն սա արդեն ցույց է տալիս, թե որքան անհիմն էր խաղաղության մասին նրա հռետորաբանությունը։ Եթե գոյություն ունի «Արևելյան Զանգեզուր», ապա, տրամաբանության համաձայն, պետք է գոյություն ունենա նաև «Արևմտյան Զանգեզուր»։

Եվ բոլորս էլ հիանալի հասկանում ենք, թե այդ անվան տակ ինչ տարածք նկատի ունեն։

Ադրբեջանական պատմության դասագրքերում նույնպես պնդվում է, որ ամբողջ Զանգեզուրը (այսինքն՝ հայկական Սյունիքը) ադրբեջանական սուրբ հող է։ Եվրոպացի դիվանագետներն այնքան անտեղյակ չեն, որ չիմանան այս համատեքստի մասին։ Եվ, այնուամենայնիվ, նրանք շարունակում են խրախուսել և վերարտադրել այս հռետորաբանությունը։

Այս ամենից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ, որ այդպիսի Եվրոպան իսկապես ցանկանում է խաղաղություն մեր տարածաշրջանում։

Այս առումով ես մեծ տարբերություն չեմ տեսնում տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի և Եվրոպայի մոտեցումների միջև․ նույն «բաժանիր և տիրիր» սկզբունքը, նույն թշնամանքի սերմանումը և նույն կայսերական տրամաբանությունը։

Սա չի նշանակում, որ այսօր Ալիևի հռետորաբանությանը աջակցելով՝ եվրոպացիներն անպայման «Ադրբեջանի կողմն են անցնում»։ Այսօր նրանք կարող են աջակցել Ալիևի իրրեդենտիստական* հռետորաբանությանը, իսկ վաղը՝ նույն ոգևորությամբ զբաղեցնել դրան տրամագծորեն հակառակ դիրքորոշում։

Բայց, ամեն դեպքում, տուժելու են տեղի բնակիչները։ Եվ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանց տառապանքը դիտարկվում է որպես ընդունելի գին այն մարդկանց շահերի, զարգացման և բարեկեցության համար, որոնք իրենց անվանում են քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչներ»,- գրել է ադրբեջանցի գիտնականը։

  • Իրրեդենտիզմ՝ պետության, կուսակցության կամ ազգի վարած քաղաքականությունն է կամ շարժում, որի նպատակն է մեկ ժողովրդի միավորումը և այն տարածքների միացումը, որտեղ բնակվում է տվյալ էթնիկ կամ լեզվական խումբը, սակայն որոնք գտնվում են մեկ այլ պետության կազմում։