Ադրբեջանին միայն պետք է «բղավել» Փաշինյանի վրա՝ իր նպատակներին հասնելու համար. Յակով Կեդմի

29 Նոյեմբերի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Իսրայելի «Նատիվ» հետախուզական ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին Alpha News-ին մեկնաբանել է Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադարը, Սիրիայում տիրող իրավիճակը, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում՝ Թրամփի՝ նախագահ վերընտրվելուց հետո և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները։

Փորձագետի կարծիքով՝ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադարի հետ կապված հարցը լուծված է։

«Որպեսզի հասկանանք, թե ինչով է պայմանավորված հրադադարը Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև, մենք նախ պետք է հասկանանք, թե ինչպես է այն սկսվել, ինչերն են եղել յուրաքանչյուր երկրի պատճառներն ու նպատակները։

Ինչպես ցանկացած երկրում, մենք (Իսրայելում) նույնպես ունենք տականքներ ու մոլեռանդներ, ովքեր պահանջում էին և ասում, որ կարիք չկա լքել Լիբանանը, քանի դեռ «Հըզբոլլահն» ամբողջությամբ չի ոչնչացվել։ Բայց նման նպատակ երբեք չի դրվել, քանի որ «Հըզբոլլահին» ոչնչացնելու համար անհրաժեշտ է գրավել ողջ Լիբանանը, և մենք չենք պատրաստվում դա անել։ Դուք կարող եք հասնել անվտանգության՝ առանց դրա:

Բայց կրոնական մոլեռանդները և ազգայնական ֆանատիկոսները, նրանք քիչ են, բայց դեռ կան իսրայելական հասարակության մեջ, դեմ էին դրան: Ասացին, որ պետք չէ պայմանագիր, զինադադար կնքել, էլի կխախտեն, ինչպես միշտ են արել, և մենք պետք է շարունակենք ռազմական գործողությունները։ Բայց նրանց չլսեցին, կառավարությունը, բանակը, հետախուզությունը պնդեցին, որ այս պայմանագիրն ընդունվի, և այն ընդունվեց։ Հարցն արդեն լուծված է»,- ասել է Կեդմին։

Խոսելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին՝ նոր նախագահի գալուստով, փորձագետն ասել է, որ Դոնալդ Թրամփը (ԱՄՆ նորընտիր նախագահը) պատրաստվում է վերջ դնել բոլոր ռազմական հակամարտություններին, որոնցում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված է Ամերիկան։

«Առաջին բանը, որ կսկսվի, երբ Թրամփը ստանձնի պաշտոնը, և դա արդեն սկսվել է, բանակցություններն են Իրանի հետ։ Թրամփը խոսել է այդ մասին, իրանցիներն էլ են խոսում դրա մասին։ Նրանք նույն բանակցություններին մոտենում են տարբեր տեսանկյուններից, բայց ընդհանուր բան ունեն։ Թե՛ Իրանի արտգործնախարարները, թե՛ Իրանի ներկայացուցիչները հայտարարել են, որ եթե պատժամիջոցները չեղարկելու և Իրանի միջուկային զենքի հարցը կարգավորելու պայմանավորվածություն չլինի, ապա Իրանը կանցնի միջուկային զենքի ստեղծմանը։ Սրանք են նրանց պայմանները բանակցություններ սկսելու համար։

Թրամփի պայմանները, ինչպես նա հայտարարեց, «եթե չհամաձայնեք միջուկային զենքի մշակումը դադարեցնելու համաձայնագրին, մենք մեծապես կուժեղացնենք պատժամիջոցները և ամբողջությամբ կխաթարենք Իրանի տնտեսությունը»:

Ե՛վ Իրանը, և՛ ԱՄՆ-ն ունեն ընդհանուր դիրքորոշում. բանակցությունները պետք է հանգեցնեն Իրանի դեմ պատժամիջոցների դադարեցմանը, իսկ մյուս կողմից՝ Իրանում միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի։ Կարծում եմ՝ նրանք բավականին արագ համաձայնության կգան, քանի որ և՛ Իրանի նոր նախագահը, և՛ նրան իշխանության բերածները նպատակ ունեին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ և բարելավել ու կարգավորել հարաբերությունները Իրանի և Եվրոպայի, Իրանի և ԱՄՆ-ի միջև:

Բացի այդ, Թրամփը ասել է, որ իր՝ նախագահ լինելու վերջին ժամկետում երբեք ոչ մի պատերազմ չի սկսել, և այս ժամկետում նա պատրաստվում է վերջ դնել բոլոր ռազմական հակամարտություններին, որոնցում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված է Միացյալ Նահանգները»,- նշել է Կեդմին։

Փորձագետի կարծիքով՝ Բաքուն Հայաստանի վրա հարձակվելու պատճառ չունի, քանի որ Փաշինյանն արդեն ընկնում է Ադրբեջանի տակ:

«Որպեսզի Ադրբեջանը հասնի իր նպատակներին, Հայաստանի ներկայիս վարչապետի օրոք պետք է ընդամենը մատնացույց անել դա, և նա անմիջապես անում է այն, ինչ իրենից խնդրում են, ինչ արվել է մինչև այսօր։ Վերջին ամիսներին նա կատարում էր Ադրբեջանի բոլոր պահանջները և կշարունակի կատարել։

Հայաստանի վրա հարձակվելու պատճառ բացարձակ չկա, քանի որ նա (Փաշինյանը) արդեն զիջում է ու ընկնում Ադրբեջանի տակ։ Այնպես որ, Փաշինյանի հետ Ադրբեջանի համար շատ-շատ հեշտ է, նա նման է պլաստիլինի, ճնշում են, և նա համաձայն է։

Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Հայաստանում Փաշինյանի օրոք, միայն դա է հաստատում: Ես սա չեմ կարող անվանել այլ կերպ, քան դավաճանություն հայ ժողովրդի և հայկական պետության շահերի նկատմամբ։ Եվ հետո թող հայ ժողովուրդը որոշի, թե որքան ժամանակ է հանդուրժելու այս տականքին ու դավաճանին, ով Հայաստանը հասցրեց ներկայիս վիճակին և պատրաստ է շարունակել հետագա ընթացքը։ Ադրբեջանը կարծում է, որ կարող է ավելիին հասնել։ Եվ այսպես, նա փորձում է ավելիին հասնել։

Այն, որ որոշ զիջումներ արվել են, թերևս բավարար չէ Ադրբեջանի համար, որ նա ավելի շատ իրավունք ունի և կարող է հասնել դրան», — եզրափակել է Կեդմին: