Ադրբեջանում գլխաշորի սահմանափակումների պատճատի՝ Իրանի ազդեցության չեզոքացումն է․ Տիգրան Քոչարյան
19 Հոկտեմբերի 2026, 15:44
Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների դեմ բողոքի ակցիաները կարող են պայմանավորված լինել ոչ միայն կրոնական կամ ներքաղաքական գործոններով, այլև տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումներով։ Նման տեսակետ է հայտնել AlphaNews-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանն՝ անդրադառնալով Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում արդեն երկու շաբաթից ավելի շարունակվող բողոքի ցույցերին։
Նրա խոսքով՝ դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակման վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների որոշումն անսպասելի էր շատերի համար։ Տիգրան Քոչարյանի գնահատմամբ՝ այդ քայլը կարող է նաև նպատակ ունենալ բացահայտելու և չեզոքացնելու այն շրջանակներին, որոնք համակրում են Իրանին կամ հանդես են գալիս իրանամետ դիրքերից։
«Իսրայելը պլանավորում է նաև որոշակի գործողություններ Ադրբեջանի տարածքից։ Եթե Իրանի դեմ ռազմական օպերացիա իրականացնելու անհրաժեշտություն առաջանա, պետք է չեզոքացնել առավել ակտիվ իրանամետ ուղղություն ունեցող մարդկանց։ Իսկ ինչպե՞ս բացահայտել նրանց․ պետք է սադրել, և այն մարդիկ, որոնք դուրս կգան բողոքի ակցիաների կամ այլ կերպ կարտահայտեն իրենց դիրքորոշումը, կարող են հայտնվել իշխանությունների ուշադրության կենտրոնում»,- նշել է Տիգրան Քոչարյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացները կարող են դիտարկվել նաև որպես ներքին դաշտը վերահսկելու և իշխանությունների համար անցանկալի շրջանակներին մեկուսացնելու փորձ։ Քոչարյանը չի բացառել նաև այս զարգացումներում Իսրայելի ազդեցության հնարավորությունը։