Ադրբեջանը ցանկանում է վերցնել հայկական շուկան․ Գրիգոր Բալասանյան
01 Մայիսի 2026, 22:25
Ապրիլի 29-ին Աղվերանում, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև մի շարք գործարարներ։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ։
Ըստ միջազգայնագետի՝ փորձ է արվելու այդ գործարարների հսկողության տակ գտնվող սուպերմարկետների ցանցով իրացնել ադրբեջանական արտադրանքը և հայ ժողովրդի աչքին սովորական դարձնել ադրբեջանական դրոշի առկայությունը հայկական խանութներում։
«Արդյոք կգնեն մարդիկ դա, թե ոչ, այլ հարց է։ Բայց ես համոզված եմ, որ կգնեն։ Դրանք կլինեն ավելի էժան, և մարդիկ կգնեն։ Ինչ վերաբերում է բենզինին, պետք է նշել, որ մեզ կտրելու են ավանդական շուկաներից, բերելու են միայն ադրբեջանական բենզին, ու վաճառեն 540-550 դրամով։ Բայց գազի հարցում հաշվարկները սխալ դուրս եկան․ Ադրբեջանը չի կարող ՀՀ-ին հեղուկ գազով օգնել, քանի որ չունի։ Մեկ է՝ գազը ՌԴ-ից պետք է գա, և այդ առումով մենք այլընտրանք չունենք»,- նշել է Բալասանյանը։
Հարցին, թե ինչ տնտեսական շահերով են ադրբեջանցի գործարարները եկել Հայաստան, միջազգայնագետն ընդգծել է․
«Նրանք ցանկանում են վերցնել հայկական շուկան, և առաջին հերթին՝ գյուղմթերքի շուկան։ Իրենց պետք է ադրբեջանական գյուղմթերքը նաև այստեղ վաճառել, քանի որ Ռուսաստանում խնդիրներ ունեն և իրենց մթերքը չեն կարողանում այնտեղ վաճառել։ Թուրքիան և Իրանն իրենց գյուղմթերքն ունեն, ՌԴ-ի հետ հարաբերությունները սրված են, մնում է Հայաստանը։ Իսկ դրա համար պետք է լցնել հայկական շուկան ադրբեջանական գյուղմթերքով, որ հայ արտադրողը չկարողանա դիմակայել այս դիմադրությանը, աստիճանաբար դադարեցնի իր արտադրությունը՝ շուկան 100%-ով հանձնելով Ադրբեջանին»։
Մանրամասները՝ տեսանյութում։