Ադրբեջանը հայց է ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան՝ ընդդեմ CNN-ի
18 Օգոստոսի 2026, 18:41
Ադրբեջանը ԱՄՆ-ում դատական հայց է ներկայացրել CNN հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել լրատվամիջոցին իր հասցեին, ըստ Բաքվի, անհիմն և սադրիչ պնդումներ պարունակող հրապարակման համար։
Խոսքը CNN-ի՝ 2026 թվականի հունիսի 5-ին հրապարակած հոդվածի մասին է, որտեղ նշվում էր, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքն օգտագործել է Իրանի դեմ ռազմական և հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով։
Հրապարակման համաձայն՝ Իսրայելի հատուկ նշանակության ուժերը գործել են Ադրբեջանի հարավում՝ Իրանի սահմանին մոտ գտնվող մի շարք վայրերում։ Նշվում էր, որ այդ տարածքներից իրականացվել են հետախուզական և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ։ Հոդվածում նաև պնդվում էր, որ Իսրայելը նախապես Ադրբեջանում տեղակայել է հետախուզական տեխնիկա՝ Իրանի դեմ հետագա գործողություններին նախապատրաստվելու համար։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ CNN-ը հոդվածի հրապարակումից առաջ տեղեկացված է եղել Բաքվի պաշտոնական դիրքորոշման մասին։ Լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները հերքել էին այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ երկրի տարածքի օգտագործումը որևէ երրորդ պետության կողմից Իրանի դեմ ռազմական կամ հետախուզական նպատակներով չի թույլատրվում։
Հոդվածի հրապարակումից հետո Ադրբեջանը պաշտոնապես դիմել էր CNN-ին՝ պահանջելով հերքել հրապարակված պնդումները և համապատասխան փոփոխություններ կատարել հոդվածում։ Նույն հարցով հայտարարություն էր տարածել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը։
Բաքվի փոխանցմամբ՝ հունիսի 6-ին, հունիսի 23-ին և հուլիսի 2-ին ադրբեջանական կողմը CNN-ին կրկին պաշտոնական նամակներ է ուղարկել՝ պահանջելով հերքել հոդվածում ներկայացված տեղեկությունները և կատարել համապատասխան ուղղումներ։
Ադրբեջանի պնդմամբ՝ CNN-ը խոստացել էր ուսումնասիրել ներկայացված պահանջները, սակայն հետագայում որևէ գործնական քայլ չի ձեռնարկել, իսկ վիճահարույց պնդումները չեն հերքվել։
Դրանից հետո Ադրբեջանը որոշել է հարցը տեղափոխել իրավական հարթություն։ Հայցը ներկայացվել է ԱՄՆ Դելավեր նահանգի դաշնային դատարան, որտեղ CNN-ը պաշտոնապես գրանցված է։ Հայցադիմումը դատարան ներկայացվել է 2026 թվականի օգոստոսի 17-ին։