Ադրբեջանը մեծ մասամբ կատարել է Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման իր աշխատանքը. Բայրամով
04 Օգոստոսի 2026, 18:50
Ադրբեջանը կատարում է Հայաստանի հետ տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացմանն ուղղված իր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Շվեյցարիայի Համադաշնության դաշնային արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Բայրամովի խոսքով՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում է լրացուցիչ առաջընթաց, որի կարևոր բաղադրիչներից մեկը Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի շրջանակում փաստաթղթում ներառված TRIPP նախագիծն է։
Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակում շարունակվում են տրանսպորտային և հաղորդակցական ուղիների բացման աշխատանքները։
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում նախապատրաստական փուլի ավարտից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ադրբեջանը մեծ մասամբ կատարել է իր կատարելիք աշխատանքը»,- ասել է Բայրամովը։
Նա նշել է, որ որոշակի աշխատանքներ դեռ պետք է իրականացվեն նաև Հայաստանի տարածքում։
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կարող է նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։
«Այս նախագծերի իրականացումը ոչ միայն կապահովի կապը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, այլև նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի ամբողջ տարածաշրջանի համար։ Դա ձեռնտու կլինի թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Նա հավելել է, որ իրականացվող գործընթացները կարող են նշանակալի արդյունքներ ապահովել տարածաշրջանի համար։
Բայրամովը նաև նշել է, որ արդեն իրականացվում են նավթամթերքների մատակարարումներ Ադրբեջանից Հայաստան՝ հավելելով, որ հաջորդ փուլում հնարավոր է առևտրային կապերի ընդլայնում։