Ադրբեջանը պատրաստ է փոխարինել Ռուսաստանին գազի շուկայում. Իլհամ Ալիև
21 Հուլիսի 2026, 21:43
Գերմանիա կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս չի կարող նախկին ծավալներով նավթ ու գազ մատակարարել՝ Ուկրաինայի հարվածների հետևանքով նավթավերամշակման գործարաններին պատճառված վնասի պատճառով։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսում նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է փոխարինել Ռուսաստանին եվրոպական էներգետիկ շուկայում և ավելացնել արտահանման ծավալները, եթե եվրոպական բանկերը վերսկսեն համապատասխան նախագծերի ֆինանսավորումը։
Ալիևի խոսքով՝ անհրաժեշտ ծավալները կարող են ապահովել ինչպես սեփական արդյունահանման, այնպես էլ SOCAR ընկերության առևտրային ստորաբաժանման միջոցով։
Գերմանիայի կանցլերը հաստատել է, որ իրենք հետաքրքրված են ադրբեջանական գազի ներկրման ընդլայնմամբ, և շնորհակալություն է հայտնել Ալիևին «խոշոր ծավալներ» տրամադրելու հնարավորության համար։ Այս դրույթն ամրագրվել է նաև ընդունված համատեղ հռչակագրում։
Ալիևը հավելել է, որ Բաքուն արդեն գազ է մատակարարում ԵՄ տասը երկրի, իսկ այս տարվանից սկսել է արտահանել նաև Գերմանիա՝ դա անվանելով կարևոր քայլ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Նա նաև հայտնել է, որ անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 1.5 միլիարդ դոլար, որի հիմնական մասն ապահովվել է նավթի մատակարարումների հաշվին։
Այս հայտարարություններն արվել են այն ֆոնին, երբ ԵՄ ներկրման մեջ ռուսական գազի մասնաբաժինը կտրուկ նվազել է՝ 2022 թվականի 45%-ից 2025 թվականին հասնելով 12%-ի։ Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենի կանխատեսմամբ՝ ռուսական գազի մնացած ծավալները առաջիկա երկու տարում լիովին դուրս կմղվեն եվրոպական շուկայից։