Ադրբեջանը շարունակում է թելադրել հայ-թուրքական հարաբերությունների ուղին ու ուղղությունը. Թաներ Աքչամ

13 Փետրվարի 2025, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Օրերս Լոս Անջելեսում թուրք պատմաբան Թաներ Աքչամը ներկայացրել է հետազոտական նախագիծ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Alpha News-ի հետ զրույցում նա մանրամասներ է ներկայացրել նախագծից:

«Նախագիծը սկսել ենք մոտ 2 տարի առաջ: Այն Հայոց ցեղասպանության վերաբերյալ հետազոտական նախագիծ է: Սա նոր դարաշրջանի մի մասն է, որի մեջ մենք մտել ենք Միացյալ Նահանգների կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո: Մեր հիմնական հարցը հետևյալն է՝ ի՞նչ կլինի հետո: Ճանաչումն արդեն կա, իմ փաստարկն այն է, որ սա Հայաստանի համար Հայոց ցեղասպանության վնասի հատուցման փուլն է»,- նշել է Թաներ Աքչամը և հավելել, որ այդ նախագիծն իրականացվում է Հայոց ցեղասպանության ինստիտուտի հետ համատեղ։

Թուրք պատմաբանը նաև ընդգծել է, որ Թուրքիան ամեն կերպ արգելափակումէ բարեկամական հարաբերությունները ՀՀ-ի հետ:

«Ես շատ ուշադիր չեմ հետևում հայ-թուրքական հարաբերություններին, բայց չեմ կարծում, թե դրանք անկախ են Ադրբեջանի քաղաքականությունից: Կարծում եմ՝ Ադրբեջանը շարունակում է թելադրել հայ-թուրքական հարաբերությունների ուղին ու ուղղությունը: Թուրքիայի համար շատ դժվար է պահպանել անկախ կուրսը: Նրանք չեն ցանկանում հավատարիմ մնալ իրենց սեփական անկախ ուղեգծին Հայաստանի հարցում: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս պետք է նաև ընդգծել, որ հայերից շատ բան կախված չէ: 1991թ-ին ՀՀ հիմնադրումից ի վեր Հայաստանի բոլոր նախագահները փորձել են խաղաղ հարաբերություններ զարգացնել Թուրքիայի հետ, բայց հենց իրենք են, որ արգելափակում են այդ բարեկամական հարաբերությունները ՀՀ-ի հետ»,- եզրափակել է Աքչամը։