ԱԷԿ-ի վերաբերյալ ռուսական առաջարկը կարող է ապահովել Հայաստանի կարիքները շուրջ մեկ դար․Կալուգին

12 Մայիսի 2026, 13:01

Տնտեսություն և Բիզնես

Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորությամբ ատոմակայանի նախագիծ, որը կարող է հանրապետության էներգետիկ կարիքները բավարարել շուրջ մեկ դար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

««Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել է մեծ հզորությամբ ատոմակայանի նախագիծ, որը, եթե հայկական ղեկավարությունը ցանկանար, կբավարարեր երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներ, եթե ոչ մեկ դար։ Միաժամանակ այն կապահովեր էլեկտրաէներգիայի մատչելի սակագներ վերջնական սպառողների համար, ինչն, ի թիվս այլոց, էապես կխթանի երկրի արդյունաբերության աճը»,- ընդգծել է դիվանագետը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ռուսաստանը համաշխարհային առաջատարներից է ատոմային տեխնոլոգիաների ոլորտում և միշտ կարող է Հայաստանին փոխանցել իր փորձն ու մշակումները հանրապետության համար կարևոր այնպիսի ոլորտում, ինչպիսին էներգետիկան է։ Միաժամանակ ռուսական կողմը պատրաստ է տեխնոլոգիաներով կիսվել նաև թվայնացման ոլորտում։ «Այսօր մեր երկիրը աշխարհի երեք պետություններից մեկն է, որն ունի ամենաառաջադեմ լուծումները»,- նշել է Կալուգինը։

Նրա խոսքով՝ օտարերկրացիները բարձր են գնահատում Ռուսաստանում զարգացած ինտերնետ-բանկինգը, ինչպես նաև ձեռքբերումները պետական ծառայությունների և առողջապահության թվայնացման ոլորտում։

«Եվ սրանք միայն որոշ օրինակներ են այն ամենի, ինչն իր մեջ ներառում է ռուսական առաջարկը»,- ասել է ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի տնօրենը։

Խոսելով երկկողմ հարաբերությունների ապագայի մասին՝ նա հավելել է, որ Մոսկվան նպատակ ունի Երևանի հետ կառուցել համատեղ, փոխշահավետ համագործակցություն։

«Հենց այդպիսի մոդել է դրված մեր երկրների համար ընդհանուր ինտեգրացիոն միավորումների հիմքում՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ։ Մենք միշտ համագործակցել ենք Հայաստանի հետ հավասար հիմունքներով, երբեք չենք պարտադրել մշակութային կոդ և չենք պահանջել հրաժարվել ինքնությունից կամ պատմական տեսանկյունից կարևոր խորհրդանիշներից։ Մենք գնահատում և հարգում ենք սփյուռքահայերի կապը իրենց «փոքր հայրենիքի» հետ», — եզրափակել է Կալուգինը։