Աիդա Ավետիսյան․ Գիտությանն անմնացորդ նվիրված քիմիկոսը

10 Դեկտեմբերի 2024, 23:45

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Դեկտեմբերի 10-ը հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Ավետիսյանի ծննդյան օրն է:

Ծնվել է 1938թ. Երևանում։ Սովորել է ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետում և ավարտել այն գերազանցությամբ: Այնուհետև ընդունվել է Զելինսկու անվան Օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրա։

Աիդա Ավետիսյանը աշխատել է նաև ԵՊՀ-ում՝ սկզբում որպես ասիստենտ, ապա ավագ դասախոս, դոցենտ և Օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր:

Շուրջ 20 տարի ղեկավարել է Օրգանական քիմիայի ամբիոնը, 1985 թվականից եղել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան և գիտական խորհրդի նախագահ:

Քիմիկոսն ակտիվորեն մասնակցել է միջազգային գիտաժողովների, որոնք տեղի են ունեցել աշխարհի տարբեր անկյուններում։

Ավետիսյանը եղել է Օրգանական քիմիայի ինստիտուտին առընթեր գիտական աստիճաններ շնորհող հատուկ խորհրդի անդամ, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ և Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամ, եղել է շրջակա միջավայրի անվտանգության և կենսագործունեության միջազգային ակադեմիայի և ճարտարագիտական միջազգային ակադեմիայի անդամ-ակադեմիկոս:

Քիմիկոսին պրոֆեսորի գիտական կոչում է շնորհվել դեռևս 1976 թվականին։ Նա նաև եղել է ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի անդամ:

Կին քիմիկոսը գրել է մոտ չորս հարյուր գիտական աշխատություններ և ստացել գյուտերի շուրջ հարյուր ապացույց:

Աիդա Ավետիսյանը մահացել է 2009 թվականի հոկտեմբերի 19-ին։