Ակնկալվում է, որ Հայաստանը հաշվետվություն կներկայացնի. Ռոսսելխոզնադզոր
19 Օգոստոսի 2026, 10:00
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքները և դրանց վերացման պլանը։ «Իզվեստիա» թերթին այս մասին ասել են Ռոսսելխոզնադզորից
«Ակնկալվում են նաև տեղեկություններ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին»,– նշել են գերատեսչությունից՝ պատասխանելով սահմանափակումների մեղմացման կամ վերացման հնարավոր ժամկետների մասին հարցին:
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը Ալմաթիում քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման խնդիրը։ Լուտը նշել է , որ Ռուսաստան մատակարարվող ապրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին բացարձակ առաջնահերթություն է։