Ակնկալվող եռակողմ հանդիպման օրակարգը նման է ժամանակին Ուկրաինային առաջարկվող օրակարգին․ Վիգեն Հակոբյան
29 Մարտի 2024, 23:30
Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանի, Բլինքենի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը յուրահատուկ հանդիպում է, որովհետև օրակարգն էլ բավականին նման է այն օրակարգին, որ ժամանակին առաջարկվում էր Ուկրաինային։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Հիմա էլ անվտանգության երաշխավորությունների մասին պայմանագրերը, որոնք կնքվում են Արևմուտքի տարբեր երկրների և Ուկրաինայի միջև, ունեն նույն այս ակնկալվող հանդիպման գլխագրերը։ Հայաստանին հիմա նմանատիպ անվտանգային երաշխիքներ են ուզում տալ։ Թեև վերջին շրջանում խոսում են, որ ավելի շատ տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվելու, բայց բոլորս էլ հասկանում ենք, եթե նույնիսկ խոսքը տնտեսական այլընտրանքների մասին է, ապա դրանք այնպիսի այլընտրանքներ են լինելու, որոնք կփոխարինեն ռուսական տնտեսական լծակներին և ծրագրերին։
Այստեղ այդ առումով ամեն բան հասկանալի է, որ նույն Հայաստանի իշխանությունները դիմում են ներկայացրել Արևմուտքին և խնդրել, որ առնվազն հստակ տնտեսական ծրագրեր ներկայացնեն, որոնք կկարողանան ներկայացնել Հայաստանի հանրությանը, եթե Հայաստանը որոշի իր աշխարհաքաղաքական վեկտորը փոխի»,- ասել է Հակոբյանը։