Ալիևի խոսքերը բացատրվում են քաղաքական թերարժեքության բարդույթի տրամաբանությամբ․ Մովսես Ղազարյան

Քաղաքագետ և միջազգային հարցերի մեկնաբան Մովսես Ղազարյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե «Ադրբեջանը գաղութ է եղել ԽՍՀՄ կազմում»։

«Ադրբեջանի նախագահ Ալիև կրտսերի հայտարարությունը Խորհրդային Միության կողմից Ադրբեջանի ենթադրյալ գաղութացման մասին վկայում է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա որոշակի երկիմաստության մասին։ Եվ հենց նախագահ Ալիևը, այսինքն՝ պաշտոնական Բաքուն, ըստ էության, այդ թյուրիմացությունների աղբյուրն է», — նշել է փորձագետը։

Քաղաքագետի կարծիքով՝ Ալիևի հայտարարությունները վկայում են Ադրբեջանի ղեկավարության կողմից ԽՍՀՄ կազմում ունեցած անցյալի նկատմամբ անշնորհակալության և այդ հանրապետության զարգացման գործում Խորհրդային Միության ներդրման գնահատման հարցում անհետևողականության մասին։

«Իհարկե, այս մոտեցումներն ու դիրքորոշումները, իրականում, չեն համապատասխանում հենց Ադրբեջանի շահերին, քանի որ այդ երկրի քաղաքական և մշակութային ներուժը բացահայտվել է հենց խորհրդային շրջանում։ Բաքուն, ըստ էության, ինտերնացիոնալ մշակույթի, այդ թվում՝ ռուսական մշակույթի քաղաք էր։ Այդ ժամանակ ռուսական մշակույթը Ադրբեջանի բոլոր ժողովուրդների մշակույթները միավորող տարր էր։

Եվ, իհարկե, սա, մեղմ ասած, երկիմաստ է նաև նախագահ Ալիևի ներկայիս քաղաքական ժառանգության տեսանկյունից։ Որովհետև ստացվում է, որ նա, որպես իր հոր իրավահաջորդ, հանդիսանում է կոլաբորացիոնիստի՝ խորհրդային կոլաբորացիոնիստի իրավահաջորդը։

Եվ այս ամենը դժվար է բացատրել սովորական տրամաբանությամբ․ կարելի է խոսել միայն քաղաքական թերարժեքության բարդույթի մասին, երբ այդ պետության առաջնորդը քաղաքական առումով ստիպված է իր համար հայեցակարգային հենման կետ գտնել, մեղմ ասած, նման երկիմաստ պահերում»,- եզրափակել է Ղազարյանը։