Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են

05 Հունիսի 2026, 18:40

Քաղաքականություն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննչական մարմինները տապալվել են դատարաններում․ Ալեքսան Ալեքսանյանի գործով «Ուժեղ Հայաստան»-ի 37 համակիրների կալանավորման միջնորդությունները դատարաններում մասսայաբար մերժվել են, ընդ որում՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, այսինքն, քննիչներն անգամ նվազագույն շեմը չեն կարողացել ապացուցել դատարաններում։

Ներկայացված միջնորդություններից ընդամենը մի քանիսն է դատարանը բավարարել։ Քննչական կոմիտեն այս պահին զերծ է մնում մեկնաբանություններից, միջնորդությունների բավարարման պաշտոնական թիվ ասելու համար գրավոր հարցում են պահանջում, դատախազությունից ևս զերծ են մնում մեկնաբանություններից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ վաղ առավոտից ավելի քան 50 հասցեներում խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության, «Մեր ձևով» հիմնադրամի աշխատակիցների բնակարաններում, ինչպես նաև՝ գրասենյակներում։ Ի սկզբանե ծրագրվում էին խուզարկություններ նաեւ պատգամավորության թեկնածուների բնակարաններում, ինչից հետագայում ձեռնպահ են մնացել։

37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Ալեքսան Ալեքսանյանին օժանդակելու մեղադրանքով։ Հիշեցնենք, որ Ալեքսան Ալեքսանյանը, ձերբակալվել, ապա կալանավորվել է նախօրեին։ Նա մեղադրվում է փողերի լվացման և հավաքներին մասնակցության համար մարդկանց աշխատանքի տեղավորելով՝ նյութապես շահագրգռելու մեջ։

Պաշտպան Արմեն Ֆերոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ալեքսանյանի կալանավորման որոշումը գնահատել է ապօրինի։

«Ալեքսան Ալեքսանյանի մեղադրանքում նկարագրված արարքում անգամ հանցագործության հատկանիշներն չկան, հետևաբար, կալանավորման միջնորդությունը պետք է մերժվեր՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Կալանավորումը բացահայտ ապօրինի բնույթ է կրում»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ պատրաստվում են բողոք ներկայացնել։

Ինչ վերաբերում է ՕՀՄ-ներին, որոնք դրվել են փողերի լվացման դրվագով մեղադրանքում, փաստաբանը նշել է, որ դրանք վիճարկվելու են, ամբողջությամբ ապօրինի են։

«Այս պահին որոշում չկա, բայց եթե անգամ լինի էլ, ապա դա չի նշանակում, որ օրինական են»,- ասել է Ֆերոյանը՝ հավելելով, որ Ալեքսանյանի դեպքում նույնսիկ հեռախոսային խոսակցություն էլ չկա»: