Ալլա Թումանյան․ Հայկական կինոյի ամենահմայիչ դերասանուհին
17 Մարտի 2025, 23:00

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մարտի 17-ին թատրոնի և կինոյի դերասանուհի Ալլա Թումանյանի ծննդյան օրն է։ Դերասանուհին նշում է 75-ամյակը։
Ալլա Թումանյանը (իսկական անունը՝ Ալտոլինա) ծնվել է 1950թ. Երևանում։ Երիտասարդ տարիքից սկսել է հետաքրքրվել արվեստով, և շուտով ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտ։ Այդ պահից նրա ստեղծագործական ուղին անքակտելիորեն կապվել է թատրոնի հետ։ 1971-1990 թվականներին փայլել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում, իսկ 1990-1991 թվականներին՝ «Մետրո» թատրոնում։
Ալլա Թումանյանը հեռուստադիտողին հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Տղամարդիկ», «Երջանկության մեխանիկա», «Հուսո աստղ», «Խնձորի այգին», «Մխիթար Սպարապետ», «Քաոս» և այլն։
Ըստ գործընկերների՝ Ալլա Թումանյանը ժամանակի ամենահամարձակ դերասանուհին էր: Նրա անունը հայտնի է դարձել «Տղամարդիկ» ֆիլմից հետո, իսկ ամբողջ Խորհրդային միությունը սկսել է խոսել նրա մասին:
Ալլա Թումանյանն այսօր ապրում է Լոս Անջելեսում, որտեղ հաջողությամբ շարունակում է իր աշխատանքը։