Ամերիկացի քահանա Ջոել Թեննին Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում կատարել է «Տեր, Ողորմեա» երգը

03 Մարտի 2025, 16:49

Մշակույթ

Քրիստոնյա քարոզիչ, Ավետարանական եկեղեցու ամերիկացի հովիվ Ջոել Թեննին Ստամբուլի Սուրբ Սոֆիա եկեղեցում կատարել է «Տեր Ողորմեա» երգը:

Թեննին ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է տեսանյութը և գրել․

«Ես երկրպագել եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսին քրիստոնեության հնագույն մարգարիտներից մեկում (այժմ իսլամիստների կողմից գրավված տաճարում), երգել եմ «Տեր ողորմեա», «Հայր Մեր»-ը, ինչի համար հեռացվել եմ տաճարից մզկիթի վերածված տաճարում երեկոյան իսլամական աղոթքը խախտելու համար։ Ես չեմ հանգստանա, մինչև Հունաստանը չվերադարձնի Սուրբ Սոֆիայի տաճարը, Հայաստանն՝ իր գողացված հողերը, և մինչև թուրքերը պատասխանատվություն չկրեն այն ամենի համար, ինչ նրանք արել են քրիստոնեական աշխարհի հետ»,- գրել է նա:

Սուրբ Սոֆիայի տաճարը (Այա Սոֆիա) հիմնադրվել է բյուզանդական քրիստոնյա կայսր Հուստինիանոս I-ի կողմից և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին։ Այն մոտ հազար տարի եղել է քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարը։ 1453 թվականին Օսմանյան կայսրության կողմից Կոստանդնուպոլսի գրավումից և Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի, սակայն 1934 թվականից շենքը ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հրամանագրով դարձել է թանգարան և ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

2020 թվականի հուլիսին Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ է հայտարարել Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու 1934 թվականի որոշումը։ Դրանից անմիջապես հետո նախագահ Էրդողանը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ մուսուլմանական պատարագներ սկսելու մասին։