ԱՄՆ-ի համար էքզիստենցիալ հակառակորդը ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը. Բոգդան Բեզպալկո

17 Փետրվարի 2025, 21:40

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստան-ԱՄՆ ընթացող բանակցությունները և դրանց հնարավոր ազդեցությունը համաշխարհային իրավիճակի վրա։

«Թրամփ-Պուտին բանակցությունները հիմնականում վերաբերելու են գլոբալ բոլոր թեժ կետերին, որտեղ կան որոշակի հակասություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։ Սա Մերձավոր Արևելքն է, ուկրաինական հակամարտությունն է, Հարավարևելյան Ասիան է, սա Արկտիկան է, գուցե նույնիսկ Աֆրիկան և Հարավային Ամերիկան, օրինակ՝ Վենեսուելան, որտեղ Ռուսաստանն, այնուամենայնիվ, ներկա է:

Բայց ակնհայտ է, որ եթե բանակցությունները հաջող ընթանան երկու կողմերի համար, և, համապատասխանաբար, Ռուսաստանը կարողանա համոզել ԱՄՆ-ին գնալ զիջումների, իսկ ԱՄՆ-ը Ռուսաստանից ինչ-որ փոխզիջումային լուծումների հասնի, ապա Հյուսիսային և Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա դա կարող է ազդել այնպես, որ ուժեղանա ճնշումը համապատասխանաբար Իրանի վրա։ Այսինքն՝ այդ տարածաշրջանը կհայտնվի ամերիկյան քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում։

ԱՄՆ-ը կուժեղացնի իր ուշադրությունը Կասպից ծովի տարածաշրջանի նկատմամբ մի շարք պատճառներով: Նախ, դա այն տարածաշրջանն է, որտեղ գտնվում է Իրանն՝ ԱՄՆ-ի հիմնական մրցակիցներից մեկը։ Իսկ այնտեղ, փաստորեն, կան ոչ միայն ածխաջրածինների մեծ հանքավայրեր, որոնք միշտ հետաքրքրություն են առաջացնում, այլև այնտեղ է գտնվում Կենտրոնական Ասիայի բանալին։

Իսկ Կենտրոնական Ասիան ԱՄՆ-Չինաստան մրցակցության դաշտն է։ Չինաստանն այժմ ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցն է՝ գրեթե էկզիստենցիալ, այլ ոչ թե Ռուսաստանը։ Եվ հենց Չինաստանի հետ մրցակցության լույսի ներքո է դիտարկվելու ինչպես կովկասյան տարածաշրջանը՝ Հյուսիսային և Հարավային, այնպես էլ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը և ընդհանրապես Կասպիական տարածաշրջանը։ Ահա Եվրասիայի ամբողջ տարածքը»,- ասել է Բեզպալկոն։

Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանին ՝ Alpha News-ի զրուցակիցը տեսնում է Թուրքիայի և Իրանի սուր մրցակցությունը։

«Թուրքիան մի պետություն է, որը կարող է մարտահրավեր նետել Իրանին գոնե որոշակի մակարդակով և կարող է ճնշում գործադրել նրա վրա։ Դա նկատելի է թեկուզ միայն այն պատճառով, որ Իրանի ղեկավարությունը չափազանց բացասաբար է ընդունում բոլոր այն խոսակցությունները, որ Թուրքիան և Ադրբեջանը միջանցք են կազմակերպում Հարավային Հայաստանով, այսպես կոչված, «Զանգեզուրի» կամ Սյունիքի միջանցքով։

Դա կնշանակի ընդհուպ Իրանի կողմից այս տարածքի, ինչպես նաև Ադրբեջանի տարածք ներխուժման սպառնալիքի, այսինքն, ըստ էության, պատերազմի սկիզբ։ Հետևաբար, այստեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարելի է դիտարկել պարզապես որպես խթան աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների կողմից, որպեսզի, օրինակ, սադրեն Իրանին կամ էլ ավելի մեկուսացնեն, այսինքն՝ ամբողջությամբ մեկուսացնեն, այդ թվում, օրինակ, Հայաստանից»,- կարծում է փորձագետը։

Բոգդան Բեզպալկոյի կարծիքով՝ Հայաստանը չպետք է ակնկալի հակամարտություն այս տարի՝ պայմանավորված այն հանգամանքով, որ չկան այն հրահրող հանգամանքներ։

«Իսկ եթե հակասություններ կան, եթե դրանք բազմամյա են, խորքային, արդեն ծանրացած են մեծ քանակությամբ թափված արյունով, ապա բնական է, որ այդ դեպքում, իհարկե, այդ ձգանը կաշխատի և կոնֆլիկտ կբորբոքվի։ Հուսով եմ, որ այս տարի Հարավային Կովկասում պատերազմ չի լինի»,- եզրափակել է փորձագետը։