ԱՄՆ-ի համար ՀՀ-ն կարևոր է որպես ՌԴ-ի նկատմամբ ճնշման գործիք, այլ ոչ թե ինքնուրույն արժեք․ Դուդակով

Քաղաքագետ-ամերիկագետ Մալեկ Դուդակովը Alpha News-ին տված մեկնաբանությունում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնությունը կհանգեցնի վերջնական խաղաղության, ինչ դեր ունի Իսրայելը Մերձավոր Արևելքում ընթացող բանակցային գործընթացում, ինչպես նաև ինչ նշանակություն ունեն Հայաստանը և Հարավային Կովկասը ԱՄՆ քաղաքականության մեջ և ինչ ճակատագիր կարող է ունենալ TRIPP նախագիծը։

Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի դիմակայության մեջ ակնհայտ հաղթող չկա, սակայն որոշակի առավելությունը մնում է Իրանի կողմում, որը կարողացել է դիմակայել ճնշումներին և հասնել ԱՄՆ-ի կողմից որոշ զիջումների, այդ թվում՝ պատժամիջոցների մեղմացման և սառեցված ակտիվների ապաշրջափակման հարցի քննարկման։

Խոսելով այն մասին, թե ինչ դեր է խաղում Հայաստանը և առհասարակ Հարավային Կովկասը ԱՄՆ-ի համար, փորձագետը նշել է, որ ամերիկացիների համար Հայաստանը կարևոր է որպես Ռուսաստանի և Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց, այլ ոչ թե որպես ինքնուրույն արժեք։

«Կարծում եմ՝ եթե, օրինակ, Եվրոպայի համար Անդրկովկասի տարածաշրջանը կարևոր է նաև որպես էներգակիրներ ստանալու հնարավորություն, մասնավորապես՝ Ադրբեջանից, ապա Միացյալ Նահանգների համար Անդրկովկասը նախևառաջ կարևոր է աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ որպես Ռուսաստանի և Իրանի վրա ազդեցություն գործադրելու լծակ օգտագործելու հնարավորություն։

Մենք հասկանում ենք, որ այսպես կոչված «Թրամփի միջանցքը», որը ոչ վաղ անցյալում առաջարկվել էր հայկական կողմին, մեծապես ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ տնտեսական, առևտրային և պատժամիջոցային ճնշման ուժեղացմանը։

Հետևաբար, ամերիկացիների համար Հայաստանն առաջին հերթին կարևոր է հենց որպես գործիք, այլ ոչ թե որպես ինքնուրույն արժեք ամերիկյան քաղաքական էլիտաների աչքում»,- ընդգծել է Դուդակովը։