ԱՄՆ-ի օրենսդիրների աշխատանքը բավարար չէր Արցախում տեղի ունեցածը կանխելու համար․ Քրիստինա Պասկուչի

06 Դեկտեմբերի 2023, 00:42

Քաղաքականություն

Միացյալ նահանգները ձախողել է, և ժամանակն է, որ ունենանք նոր տեսակի առաջնորդներ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց հանրահայտ լրագրող, ԱՄՆ սենատորի թեկնածու Քրիստինա Պասկուչին:

«Մենք ապրում ենք մի նահանգում, որն ունի մեծագույն հնարավորություններ։ Կալիֆորնիան հրաշալի նահանգ է, Միացյալ նահանգները, որպես երկիր, ունի չափազանց մեծ հնարավորություններ, բայց մենք ձախողել ենք և կարծում ենք, որ ժամանակն է, որպեսզի ունենանք նոր տեսակի առաջնորդներ: Մարդ, ով կարտահայտի մարդկային պարկեշտություն, ով կկարողանա ոչ թե անընդհատ վիճել մյուսների հետ, այլև աշխատել, համագործակցել մյուսների հետ իմաստավորված օրենսդրություն ստեղծելու համար։ Աշխարհը մեզ է նայում և կարծում եմ՝ մենք կորցնում ենք հարգանքը մեր երկրի նկատմամբ։ Հատկապես հաշվի առնելով, թե ինչպես ենք վերաբերվում այն խոշոր խնդիրների հետ, որոնք այսօր կան ողջ աշխարհում։

Ես ընտրապայքարի եմ դուրս եկել հիմա, քանի որ մարտահրավերների մեջ եղել եմ ավելի քան 20 տարի։ Հարցազրույցներ եմ արել հազարավոր մարդկանց հետ՝ սկսած նախկին նախագահներից, մինչև՝ Դալայ Լամա, մարդկանց հետ, ովքեր, օրինակ, Հայաստանում են, և որոնք տուժել են ադրբեջանական հարձակումից։ Եվ հասկացել եմ, որ մարդկանց կարիքները բավարարված չեն, մարդիկ հիասթափված են՝ առավել ևս այս նահանգում։ Եվ հավատ չունեմ այն մարդկանց նկատմամբ, որոնց դեմ այսօր պայքարում եմ Սենատի համար։ Չեմ վստահում նրանց, որ կարող են ինչ-որ բան փոխել երկիրը ճիշտ ուղղու վրա բերելու համար»,- ասաց Պասկուչին։

Խոսելով այն խնդիրների մասին, որոնք պետք է փոփոխել ԱՄՆ-ում՝ սենատորի թեկնածուն ընդգծեց նաև Արցախի հարցի շուրջ վերաբերմունքը:

«Ես չափազանց կարևոր եմ համարում, օրինակ, կրիմինալի դեմ պայքարը, անօթևանների խնդիրը, երկրի սահմաններում տիրող ճգնաժամը։ Միաժամանակ ես ավելի շատ Պռո-բիզնես գործիչ եմ և կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի փոքր բիզնեսները կարողանան ապրել ու գոյատևել։ Ինչ վերաբերվում է միջազգային հարցերին. ես գիտեմ, որ Ձեր լսարանը ավելի միջազգային է (հաշվի առնելով հայկական սփյուռքը)։

Կարծում եմ, որ կարևոր է աջակցել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում։ Օրինակ, մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Արցախում։ Տեսանք նաև, որ աշխարհի, այդ թվում նաև ամերիկյան օրենսդիրներն այդքան էլ ուշադրություն չդարձրեցին խնդրին, թեև կարող էին։ Եվ, եթե մենք աջակցում ենք Ուկրաինային, որպես ժողովրդավար երկիր, ուրեմն մենք պետք է աջակցենք Հայաստանին ևս»,- շեշտեց թեկնածուն։

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցածը լուսաբանելու ընթացքում հանդիպող խնդիրներին՝ Պասկուչին նշեց.

«Կարծում եմ՝ դժվար էր ապահովել լուսաբանման շարունակականությունը և հենց այդ պատճառով անհրաժեշտ է պայքարել, և հենց այդ պատճառով կարևոր է ներկայացուցչականությունը։ Ես, իհարկե, հայ չեմ, բայց իմանալով և ունենալով հայազգի գործընկերներ լրատվամիջոցներում, ես կարողացա համագործակցել նրանց հետ և հնարավոր դարձնել արցախյան պատմությունների լուսաբանումը։ Վերջին շրջանում աշխատում էի FOX11 հեռուստաընկերությունում և բավականաչափ աշխատեցի Արաքսյա Կարապետյանի հետ։ Մենք ինչ-որ առումով թիմ ձևավորեցինք վստահ լինելու համար, որ մարդիկ կտեղեկանան, թե ինչ էր կատարվում Արցախում, և ուղերձը տեղ կհասներ։ Դա չափազանց կարևոր էր։ Պատճառներից մեկն էր, որ այդքան հոգատար էի նման հարցերում, քանի որ գործի բերումով եղել եմ տարբեր հակամարտությունների գոտիներում ու լուսաբանել հումանիտար ճգնաժամերը աշխարհի տարբեր անկյուններում։

Հումանիտար կազմակերպություններից մեկի կազմում եղել եմ տարբեր պատերզամական գոտիներում և անձամբ օգնել տեղի երեխաներին՝ ցուցաբերելով բժշկական օգնություն, նաև՝ սնունդ և այլն։ Անձամբ տեսնելով ու զգալով այս ամենը և լսելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, չէի կարող կույր ձևանալ։ Այսպիսով՝ ունենալով մեդիայում նման մարդկանց ու ներկայացուցչություն իշխանության վերին օղակներում՝ չափազանց կարևոր է։

Թերևս նաև այս պատճառով է ավելի շատ կանանց տեսնել քաղաքականության մեջ։ Միգուցե մայրական զգացողությունն է, կամ մեկ այլ հանգամանք, բայց կանայք ավելի հոգատար են․․․
Մենք, անկասկած, այլ որակի առաջնորդների կարիք ունենք։ Դա, ավելի կարեկցող ու համագործակցող տեսակն է։ Եվ դա ևս ծայրահեղ անհրաժեշտություն է։ Հատկապես հիմա»,- ասաց սենատորի թեկնածուն։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի օրենսդիրների աշխատանքը բավարար չէր Արցախում տեղի ունեցածը կանխելու համար։

«Կարծում եմ, որ հատկապես մեր օրենսդիրների աշխատանքը բավարար չէր։ Նկատի ունեմ նաև այն գործչին, ով ներկայացնում է այս տարածաշրջանը, որը հայկական սփյուռքի մեծությամբ երկրորդ տարածքն է։ Եվ այդ ներկայացուցիչը, ով իմ մրցակիցն է այսօր, սահմանափակվեց ինչ-որ հայտարարություններով, որևէ կոնկրետ գործողություն չհետևեց այդ հայտարարություններին։ Ինքս գնացի Հայաստան, ականատես ու վկա եղա երևույթների և արեցի ամեն ինչ իմ հնարավորությունների չափով։ Զրուցեցի իրենց տները լքած ու ամեն ինչ թողած հայերի հետ, բազմաթիվ իրական պատմություններ ներկայացրեցի՝ փորձելով լույս սփռել դաժան իրականության վրա։ Այս պատմությունների լուսաբանումն իհարկե չափազանց կարևոր էր, բայց պատերազմը շարունակվեց և մենք տեսանք, որ մեր օրենսդիրները ինչ-որ հայտարարություններ արեցին, որոնց մասին չեմ կարծում, թե Ադրբեջանում երբևէ լսել են կամ տեղյակ են։ Նրանք կարող էին և պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկեին, որը ավելի հասանելի կլիներ Ադրբեջանի ղեկավարությանը և որը իրական ազդեցություն կունենար նրանց գործողությունների վրա։ Եվ շատ ցավալի է տեսնել, թե ինչ տեղի ունեցավ։ Այո, ես կարծում եմ՝ Միացյալ Նահանգները կարող էր ավելին անել»,- եզրափակեց Պասկուչին: