ԱՄՆ-ից բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացումներ, որ TRIPP նախագիծը շարունակում է մնալ առաջնահերթություն ԱՄՆ-ի համար. Փաշինյան

15 Ապրիլի 2026, 19:43

Քաղաքականություն

Ի հեճուկս մեր մտահոգությունների և մտավախությունների՝ մենք ԱՄՆ-ից բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացումներ, որ TRIPP նախագիծը ինչպես եղել, այնպես շարունակում է մնալ առաջնահերթություն Միացյալ Նահանգների համար: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ TRIPP-ի հետ կապված պրոցեսները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են, և երկու կողմերն էլ՝ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԱՄՆ-ն, ցանկություն ունեն հնարավորինս ամենաարագ ժամկետներում դա իրականացնել:

«Կարող եմ ասել ավելին, որ նախորդ օրերին մենք քննարկել ենք մասնավորապես էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, շինարարական աշխատանքները նախատեսվածից ավելի շուտ իրականացնելու հնարավորությունը, և ընդհանրապես ցանկացած բան, քանի որ պրոցեսները հասունացած են, հասունանում են, և անկասկած է թե՛ Հայաստանի, թե ԱՄՆ-ի՛ մոտեցումը ծրագրի նկատմամբ որպես բացարձակ առաջնահերթություն, որովհետև առավել ևս հիմա, մենք բոլորս կարող ենք պատկերացնել, թե դրա տնտեսական նշանակությունն ինչքան է մեծացել:

Ես շատ ուրախ եմ այս արձանագրման համար: Ուրախ եմ արձանագրել նաև, որ ծրագրերի հետ կապված նույնպիսի շահագրգռվածություն ունի նաև Ադրբեջանը, որովհետև երբ մենք Ադրբեջանի մասին խոսում ենք, ասում են՝ Ադրբեջանը TRIPP-ին է մասնակցելո՞ւ: Ո՛չ, մենք պարզապես պարզաբանում ենք, որ TRIPP-ը չի կարող մի փակ սահմանից գնալ հասնել մի փակ սահմանի: Պետք է սահմանները բացվեն, որպեսզի երկու կողմից հաղորդակցություն լինի:

Ուրախությամբ ենք արձանագրում, որ նույնպիսի մոտեցում և շահագրգռություն ունի նաև Ադրբեջանը: Հայաստանի շահագրգռություններն էլ ակնհայտ են, կարծում եմ: Ուզում եմ ասել, որ ամենօրյա աշխատանք է իրականացվում, գործնականում ամենօրյա աշխատանք է իրականացվում»,- ասաց նա՝ նշելով, որ չկա աշխատանքային մի օր, որի ընթացքում TRIPP-ի հետ կապված որևէ թեմայի չառնչվի, որևէ հանձնարարական չտա, այդ թվում՝ Կառավարության մյուս անդամները, որոնք ներգրավված են գործընթացում:

«Իհարկե կային մտավախություններ: Առաջնահերթություն լինելու աստիճանն ԱՄՆ Կառավարության և ՀՀ Կառավարության համար այս ընթացքում միայն ավելացել է, և իմ կանխատեսումն այն է, որ առաջիկայում միայն կավելանան ներգրավվածությունը, շահագրգռվածությունը և գործնականացման տեմպերը»,- ասել է նա։

Հիմա եթերում