ԱՄՆ ջրագնդակի հավաքականի հաղթանակների ճարտարապետը․ Ադամ Կրիկորյան

22 Հուլիսի 2026, 22:00

Հայեր

Ամերիկահայ ջրագնդակի մարզիչ Ադամ Կրիկորյանը ծնվել է 1974 թվականի հուլիսի 22-ին Սանտա Կլարայում՝ հայ-ամերիկյան ընտանիքում։

Նրա մարզական կարիերան սկսվել է Լոս Անջելեսի UCLA համալսարանում, որտեղ նա հանդես է եկել տղամարդկանց թիմում։ 1995 թվականին, լինելով թիմի ավագ, նա UCLA-ին հասցրել է NCAA-ի չեմպիոնական տիտղոսի՝ 23 տարվա ընդմիջումից հետո։ Համալսարանն ավարտելուց հետո նա շարունակել է գործունեությունը UCLA-ում՝ անցնելով մարզչական աշխատանքի և ավելի քան տասը տարի ղեկավարելով տղամարդկանց ու կանանց թիմերը։ Նրա ղեկավարությամբ թիմերը նվաճել են 15 ազգային չեմպիոնական տիտղոս։

2009 թվականին Կրիկորյանը ստանձնել է ԱՄՆ-ի ջրագնդակի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է անգերազանցելի․երեք Օլիմպիական խաղերում անընդմեջ նվաճել է ոսկե մեդալներ (Լոնդոն-2012, Ռիո-2016, Տոկիո-2020), վեց անգամ դարձել աշխարհի չեմպիոն և սահմանել աննախադեպ ռեկորդ՝ տանելով 69 անընդմեջ հաղթանակ: Կրիկորյանը բազմիցս ճանաչվել է «Տարվա մարզիչ», իսկ 2016 թվականին ընդգրկվել է UCLA-ի Փառքի սրահում:

Նրա մարզչական փիլիսոփայության կարևոր բաղադրիչներից մեկը հայկական ժառանգությունն է։ Ընտանիքից փոխանցված միասնականության, աշխատասիրության և հաստատակամության արժեքները նա դարձրել է իր աշխատանքի անբաժանելի մասը։ Կրիկորյանի համոզմամբ՝ հաղթանակները պայմանավորված են ոչ միայն մարզիկների ֆիզիկական պատրաստվածությամբ, այլև թիմային ոգով, փոխադարձ վստահությամբ և բարդ իրավիճակներում սառնասրտություն պահպանելու կարողությամբ։

Այսօր Ադամ Կրիկորյանը շարունակում է մնալ համաշխարհային ջրագնդակի առանցքային դեմքերից մեկը։ Նրա ձեռքբերումները ոչ միայն ամրապնդել են ԱՄՆ-ի առաջատար դիրքերն այս մարզաձևում, այլև նոր չափանիշներ են սահմանել կանանց սպորտի զարգացման համար՝ ջրագնդակը դարձնելով ավելի ճանաչված և հեղինակավոր մարզաձև Օլիմպիական ծրագրում։