ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կայքը և հաշիվը X-ում դադարել են աշխատել Թրամփի հրամանագրից հետո

02 Փետրվարի 2025, 14:30

Քաղաքականություն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կայքը դադարել է աշխատել Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից օգնության ծրագրերի սառեցման ֆոնին:

Ինչպես հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով CNN-ին, կայքն անջատել են շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, առանց բացատրության:

Կոնգրեսում դեմոկրատները մտահոգված են, որ Թրամփը կարող է դադարեցնել USAID-ի աշխատանքը որպես անկախ գործակալություն և այն փոխանցել Պետդեպարտամենտին:

Նրանք պնդում են, որ Հանրապետականը չունի Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող գործակալությունը լուծարելու իրավական լիազորություններ, եւ որ նրա աշխատանքը կենսական նշանակություն ունի ազգային անվտանգության համար, նշում Է հեռուստաալիքը:

USAID-ի X սոցիալական ցանցի հաշիվը նույնպես անհասանելի է: «Այս հաշիվը գոյություն չունի», — ասվում է գործակալության էջում:

Իր երդմնակալության օրը Թրամփը ստորագրել է ավելի քան 40 հրամանագիր, այդ թվում՝ ԱՄՆ ՄԶԳ միջազգային օգնության ծրագրերը 90 օրով սառեցնելու մասին: