ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին

22 Հունիսի 2025, 12:40

Քաղաքականություն

ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված երեք օբյեկտների՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի ուղղությամբ: Ամերիկյան հրամանատարության հայտարարություններով՝ ուրանի հարստացման օբյեկտներն «ամբողջությամբ ոչնչացվել են»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով, ընդգծել է, որ «աշխարհը չի կարող թույլ տալ միջուկային զենք իրանական ռեժիմի ձեռքում»:

ԱՄՆ-ի հարվածների հետ միաժամանակ Իսրայելն ուժեղացրել է իր ռազմական արշավը՝ հարձակվելով Սպահանում, Ահվազում և Իրանի հարավ-արևմուտքում գտնվող օբյեկտների վրա: Իսրայելի ներսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան մոտ, ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիաների առնվազն հինգ մասնակցի:

Bloomberg-ի տվյալներով՝ գործողությունը Թրամփի կողմից արտոնվել էր դեռ հունիսի 17-ին։

«Եթե իրանական ռեժիմը չհրաժարվի ուղեգծից, մենք պատրաստ ենք առաջ շարժվել», — հայտարարել է նախագահը:

Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին ագրեսիայի մեջ և հայտարարել, որ հարձակումները չեն հանգեցնի նրա միջուկային ծրագրի ավարտին: Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Ֆորդոյի օբյեկտը նախապես տարհանվել է, իսկ հարստացված ուրանի պաշարները դուրս են բերվել ռիսկային գոտուց, ինչը թույլ է տվել նվազագույնի հասցնել վնասը: Գործակալության ղեկավարի խոսքով՝ «օբյեկտն անդառնալի ավերածություններ չի կրել և կվերականգնվի ամենակարճ ժամկետում»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանդես է եկել ամենավճռական հայտարարությամբ. «Ամերիկան ընտրել է պատերազմի ուղին, և պատերազմը սկսվում է հենց հիմա»: ԻՀՊԿ ներկայացուցիչները հայտարարել են ուժերը լիարժեք մարտական պատրաստության բերելու և տարածաշրջանում ամերիկյան բազաներին «ասիմետրիկ պատասխան» տալու մասին: