ԱՄՆ-ն պետք է ամեն ինչ անի, որ մեղսակից չդառնա այս պահին տեղի ունեցող ցեղասպանությանը. Եղիսաբեթ Չուլջյան
07 Սեպտեմբերի 2023, 21:20
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է գործել միջազգային իրավունքը խախտող այնպիսի ոճիրներ, որոնց դեմ ամերիկյան կառավարությունը օրենքներ ունի, և ըստ դրանց, պետք է պատժամիջոցների ենթարկվի ոչ միայն Ադրբեջանը, այլև նրա ղեկավարը:
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ANCA հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը՝ վստահեցնելով, որ ամերիկյան կառավարության ու Կոնգրեսի ներկայիս քայլերը չափազանց կարևոր են:
«Կոնգրեսը պետք է Սպիտակ տանը, ԱԳՆ-ին կոչեր ուղի, որ կենտրորնան նոր ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ: Պարոն Օկամպոն շատ հստակ բացատրեց՝ երբ բանակցող կողմերից մեկը ցեղասպան ղեկավար է, իսկ մյուս կողմում անմեղ մարդիկ են, նրանց միջև բանակցություններ չեն կարող լինել:
Ամերիկյան կառավարությունը, նախևառաջ, պետք է կենտրոնանա դադարեցնելու ցեղասպնությունը և մարդասիրական օժանդակություն ուղարկի Արցախ: Կարծում եմ՝ ԱՄՆ-ն պետք է ամեն ինչ անի, որ մեղսակից չդառնա այս պահին տեղի ունեցող ցեղասպանությանը՝ օժանդակելով Ադրբեջանի կառավարությանը թե՛ զենքի տեսքով, թե՛ որևէ այլ տարբերակով»,- ասել է Չուլջյանը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն փորձում է խուսափել Ադրբեջանի գործողություններին հստակ որակավորումներ տալուց:
«ԱՄՆ-ն այս պահին տեղի ունեցող ցեղասպան քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ գործողություններ չի իրականացնում և բանակցություններն ընթանում են առանց Ադրբեջանի նկատմամբ ճնշումների: Թեև ԱՄՆ-ն դատապարտում է Ադրբեջանին, բայց խոսքերն այլևս բավարար չեն, պետք է հստակ միջոցներ ձեռնարկել: Այսօրվա լսումների մասնակիցները շատ հստակ բացատրեցին, թե ինչ միջոցներով ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, օրինակ, շեշտել, որ Ադրբեջանը Արցախի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում, հետո պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և նրա ղեկավարների նկատմամբ, ինչպես նաև դադարեցնել ռազմական օժանդակությունը: ԱՄՆ-ն, կարծես, ցանկանում է փախչել նմանատիպ լսումներից, որովհետև գիտեն՝ իրենք չեն ասելու այն, ինչ կցանկանա լսել Կոնգրեսը»,- նշում է Չուլջյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: