ԱՄՆ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ եւ մարդասիրական օժանդակություն ուղարկի Արցախ. Եղիսաբեթ Չուլջյան

28 Հուլիսի 2023, 22:20

Քաղաքականություն

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի հասարակության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով՝ Արցախի անկախության ճանաչման հարցը շարունակում է մնալ Հայ Դատի հանձնախմբի օրակարգում:

«Արցախի անկախության ճանաչման հարցը միշտ եղել է Հայ Դատի հանձնախմբի օրակարգում: Ամերիկայի տասը նահանգներ արդեն ճանաչել են Արցախի անկախությունը: Տեղական մակարդակով նաեւ տարբեր քաղաքներ են ճանաչել Արցախը որպես անկախ պետություն: Վերջերս, օրինակ, Նյու Յորք նահանգի երկու քաղաքներ ճանաչեցին Արցախի անկախությունը: Ճանաչման աշխատանքները, անշուշտ, պետք է շարունակվեն: Դժբախտաբար, ամերիկյան կառավարությունը շարունակում է ռազմական օժանդակություն ուղարկել Ադրբեջան, սա սխալ ազդանշան է Ադրբեջանի կառավարությանը, եւ Հայ Դատի հանձնախմբի առաջնահերթ աշխատանքներից մեկը եղել է կանգնեցնել այդ ռազմական օգնությունը: Սրա շուրջ աշխատում ենք թե՛ Սպիտակ տան, թե՛ Կոնգրեսի հետ»,- Alpha News-ի եթերում ասել է Եղիսաբեթ Չուլջյանը:

Նա պատմել է, որ ներկայում երկու բանաձեւ կա, որոնց շուրջ Հայ Դատի հանձնախումբն աշխատում է:

«Մեկն ազգային պաշտպանության բանաձեւն է, որը ներկայացված է Սենատում եւ քննարկվում է, իսկ մյուսը արտաքին օժանդակության բանաձեւն է: Երկուսում էլ ընդգծված է Ադրբեջանին տրամադրվող օժանդակությունը կրճատելու մասին: Սրա կողքին շատ կարեւոր է նաեւ ընդլայնել ամերիկյան մարդասիրական օժանդակությունը Արցախ: Այսօր իսկապես ոճիր է, որ ամերիկյան կառավարությունը մինչեւ հիմա պետք եղած մարդասիրական օժանդակությունը չի ուղարկել Արցախ: Խոսում են, որ մենք ուզում ենք մարդասիրական ձեւով օգտակար լինել հայ ժողովրդին, որ Արցախի ճանապարհը բացվի, բայց որպեսզի սրանք իրականանան ու Ադրբեջանի կառավարությունը հասկանա, որ ամերիկյան կառավարությունը լուրջ է տրամադրված այս հարցերում, պետք է երկու բան տեղի ունենա. պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի կառավարության դեմ՝ այն ոճիրների համար, որոնք արվել են ոչ միայն շրջափակման, այլեւ 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչպես նաեւ պետք է մարդասիրական օժանդակություն հասնի Արցախ»,- նշել է Եղիսաբեթ Չուլջյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում