ԱՄՆ-ում գործող «Կոմիտաս» երգչախումբը 3 տարվա դադարից հետո վերադարձել է բեմ
Կալիֆորնիայի Հայ Երիտասարդաց միության «Կոմիտաս» երգչախումբը 3 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ բեմ՝ ազգային գունեղ համերգային ծրագրով։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Միքայել Ավետիսյանը։ Մայիսի 20-ին Գլենդելի Երիցական եկեղեցում 2 ժամ շարունակ ժողովրդական երգի յուրօրինակ տոնախմբություն էր:
«Կոմիտաս» երգչախմբի նպատակն է անաղարտ պահել հայ երգն ու երաժշտությունը և փոխանցել հաջորդ սերունդներին»,-համերգային ծրագրի բացման խոսքում նշեց միության քարտուղար Քրիստին Յովնանյանը։ Ողջունելով ներկաներին, նա ամփոփեց 2007-ին հիմնադրված երգչախմբի ստեղծման նպատակներն ու գործունեությունը։ Տասնվեց տարի է, ինչ երգչախումբը տարածում է հայկական մաքրամաքուր երգն ու երաժշտությունը ոչ միայն Գլենդելում, այլև Կալիֆորնիայի տարբեր շրջաններում, 2019-ին էլ ելույթներով հանդես է եկել Հայաստանում և Արցախում։
Քրիստին Յովնանյանը նշեց, որ համավարակի պարտադրած երեք տարվա դադարից հետո երգչախումբը վերսկսում է ամենամյա համերգաշրջանը` ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպս. Տոնոյանի նախագահությամբ։