ԱՄՆ սահմանների փակումն այսօր Թրամփի համար թիվ մեկ խնդիրն է. Իրինա Հովհաննիսյան

20 Դեկտեմբերի 2024, 22:40

Քաղաքականություն

Պետք է ներգաղթյալները հետևեն նորություններին, որ իմանան, թե որ քայլերից խուսափեն: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Հայ իրավաբանների Միության խորհրդի անդամ, փաստաբան Իրինա Հովհաննիսյանը:

«Չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում: Չգիտենք ներգաղթյալների, ներառյալ՝ մեր հայրենակիցների քանակը, բայց ես, որպես միգրացիոն իրավաբան, խորհուրդ կտամ տեղեկացված լինել ու հետևել բոլոր նորություններին, հատկապես՝ հունվարի 20-ից հետո, որ հասկանանք, թե որ քայլերից պետք է խուսափենք Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ»,- զգուշացրել է մեր զրուցակիցը:

Նա հավելել է, որ Թրամփն արդեն իսկ հայտարարել է՝ բազմաթիվ ծրագրերից հրաժարվելու է:

«Արտաքսման քաղաքականության սահմանափակումը, սահմանների փակումը և մի շարք կանոնների դադարեցումը Դոնալդ Թրամփի համար թիվ մեկ խնդիրն է այսօր: Նա բազմիցս հայտարարել է, որ մի շարք ծրագրեր դադարեցնելու են կամ մի շարք ծրագրեր սահմանափակվելու են: Լինելու են երկրներ, որտեղից սահմանափակ թվով ներգաղթյալների են թույլ տալու մտնել ԱՄՆ: Կան կոնկրետ ծրագրեր, որոնց բազմիցս դեմ է արտահայտվել Դոնալդ Թրամփը»,- ասել է Իրինա Հովհաննիսյանը:

Փաստաբանը հիշեցրել է, որ Բայդենի նախագահության տարիներին ներգաղթյալները մոտենում էին ԱՄն սահմանին, փորձում էին կամ ապաստան խնդրել, կամ այլ ծրագրի դիմել: Դրա պատճառով էլ վերջին տարիներին ավելացել էր ներգաղթյալների քանակը:

Հիմա եթերում