ԱՄՆ-ը փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա Հորմուզի նեղուցի միջոցով. Իրինա Ֆյոդորովա
15 Ապրիլի 2026, 22:30
ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրման կենտրոնի ավագ գիտաշխատող Իրինա Ֆյոդորովան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ արգելափակել նավագնացությունը Հորմուզի նեղուցով։
Փորձագետի խոսքով՝ այս որոշման պատճառն այն է, որ պարզապես անհնար է այլ միջոցներով ճնշում գործադրել Իրանի վրա՝ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում զիջումների գնալու համար չէ։
«Ցամաքային ռազմական գործողությունն այս պահին բացառված է, ասում եմ հենց այս պահին, քանի որ դա կարող է հանգեցնել ԱՄՆ-ի կողմից մարդկային մեծ և չարդարացված կորուստների։ Ռմբակոծություններն այն ձևով, ինչպես իրականացվում էին ռազմական գործողությունների ընթացքում, ԱՄՆ-ի համար ցանկալի արդյունք չտվեցին։ Իրանը դիմացավ, և վարչակարգը դեռևս չի խախտվել։ Միջազգային կոնվենցիաներով արգելված զենքերի կիրառմամբ ռմբակոծություններին՝ նկատի ունեմ զանգվածային ոչնչացման զենքը, Միացյալ Նահանգներն առայժմ չի համարձակվում դիմել։
Ուստի Իրանի հիմնական հաղթաթուղթն, իհարկե, այն լծակն է, որի միջոցով նա ճնշում է գործադրում տարածաշրջանի երկրների և ընդհանրապես ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։ Դա, բնականաբար, Հորմուզի նեղուցի միջոցով Իրանի կողմից իրականացվող արգելափակումն է և միայն որոշ նավերի անցման թույլտվությունը։
Հետևաբար, ԱՄՆ-ը դիմել է նման հակաքայլի՝ փորձելով ամբողջությամբ փակել նավերի տեղաշարժն այս նեղուցով՝ հույս ունենալով, որ եթե իրանական նավերը և նավթատարները չկարողանան դուրս գալ իրանական նավահանգիստներից, դա ավելի մեծ տնտեսական վնաս կհասցնի Իրանին և նրան կդրդի զիջումների գնալ բանակցությունների ընթացքում»,- ասել է Ֆյոդորովան։