Քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումների զգալի մասը վերաբերում է ՔՊ-ին. «Արդար քվե»
19 Մայիսի 2026, 16:20
«Արդար քվե» դիտորդական առաքելությունը մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ստացել է պաշտոնական քարոզարշավի կանոնների խախտման 71 դեպք։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Երիտասարդական ակումբների դաշնության «Արդար քվե» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։
«Այս ընթացքում ստացել ենք 71 ընտրախախտման դեպք, որից 16-ը պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսների չարաշահման մասին է։ Գրանցվել է նաև 12 դեպք ատելության խոսքի, նվաստացման, քաղաքական անհանդուրժողականության առումով։ Երրորդ տեղում անչափահասների և երեխաների ներգրավումն է քարոզարշավում՝ 7դեպք։ Եվ այս ամենը ընդամենը 7-8 օրվա մասին է»,- նշել է նա։
Հարցին, թե խախտումների գերակշիռ մասը որ քաղաքական ուժին է վերաբերում, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահության անդամ Աստղիկ Ավետիսյանը պատասխանել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ «Եթե միայն 16-ը պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսների չարաշահման մասին են, ապա թվերը վկայում են, որ խախտումները հիմնականում վերաբերում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը», — ընդգծել է Ավետիսյանը։
Սոնյա Համբարձումյանն էլ հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից թույլ է տրվել երկու իրավախախտման դեպք, որոնց առնչությամբ վարույթ չի նախաձեռնվել։
«Առաջինը վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետն իր ընտրարշավն իրականացնում է իր պաշտոնական կայքէջի միջոցով։ Երկրորդը՝ առանց սեփականատերերի համաձայնության քարոզչական պաստառներ փակցնելն է նրանց սեփական տարածքներին։ Այս երկու դեպքերի առնչությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարչական վարույթ չի նախաձեռնել»,- ընդգծել է դիտորդական առաքելության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։