Անդրե Աղասին և Շտեֆի Գրաֆը Ռումինիայում ցուցահանդեսային հանդիպում կանցկացնեն

17 Հունվարի 2024, 10:45

Սպորտ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասին և նրա կինը՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, գերմանացի Շտեֆի Գրաֆը, միքստ-ցուցահանդեսային հանդիպում կանցկացնեն Կլուժ-Նապոկայի (Ռումինիա) մարզական փառատոնում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես հայտնում է championat.com-ը, հանդիպումը նախատեսված է 2024 թվականի հունիսի 15-ին:

Լեգենդար մարզիկները ռումինական հանդիսատեսի առջև առաջին անգամ կխաղան հրավիրված երկու այլ հյուրերի հետ, որոնց անունները հայտնի կդառնան ավելի ուշ:

«Մենք ցանկանում ենք 5-րդ մարզական փառատոնն անցկացնել մեր հանդիսատեսի՝ Ռումինիայից ժամանած մարզասերների հետ։ Այս տարի մենք անցկացնում ենք ամենամասշտաբային միջոցառումը։ Խաղադաշտ դուրս կգան երկու թենիսիստներ, որոնք հաղթել են «Մեծ սաղավարտի» 30 մրցաշարերում և սահմանել բազմաթիվ յուրահատուկ ռեկորդներ՝ Անդրե Աղասին և Շտեֆի Գրաֆը», — ասել է փառատոնի համահիմնադիր Պատրիկ Չյորչիլան։