Անհնար է ջնջել քաղաքակրթությունները երկրի երեսից․ Պիեռ դը Գոլ

«Հակամարտությունների կարգավորման ոչ ռազմական մոտեցումների աճող կարևորությունն արտացոլում է գլոբալ տեղաշարժ դեպի տեխնոլոգիական, դիվանագիտական և մշակութային լուծումներ»,- այս մասին «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր․ ճանաչում, արդարություն, կանխարգելում՝ 1915 թվականից մինչև Արցախում էթնիկ զտումները» թեմայով ասուլիս-քննարկման ընթացքում ասել է հասարակական գործիչ Պիեռ դը Գոլը։

«Գոռոզությունն ու ագրեսիան բխում են մշակույթի պակասից և հոգևոր-բարոյական դատարկությունից։ Այս համատեքստում պատմության և ժողովուրդների ինքնության նկատմամբ հարգանքը շարունակական պայքար է նրանց դեմ, որոնք ձգտում են ջնջել քաղաքակրթությունները երկրի երեսից։ Տեղեկատվական խեղաթյուրման և առողջ բանականության ու տրամաբանության քայքայման աշխարհում մենք պետք է պայքարենք տեղեկատվության ազատ հասանելիության համար, հատկապես այսօր, երբ Եվրոպական հանձնաժողովը սահմանում է անցագրային ռեժիմ ինտերնետ և սոցիալական ցանցեր մուտք գործելու համար։ Անհնար է ոչնչացնել մշակույթը կամ ժողովրդի ինքնությունը։ Անհնար է ոչնչացնել գիտելիքը, տեղեկատվությունը կամ այն հարստացումը, որը ծնվում է մշակույթների միաձուլումից և այլ ժողովուրդների հետ փոխգործակցությունից»,- նշել է դը Գոլը։

Նրա խոսքով՝ իրենց ջանքերը կենտրոնացած են հակամարտությունների վաղ նախազգուշացման, խաղաղ բնակչության պաշտպանության և չկարգավորված պատմական խնդիրներով տարածաշրջաններում միջմշակութային երկխոսության վրա։

«Արևմտյան աշխարհի գաղափարական հակասությունների պայմաններում նոր բազմաբևեռ կարգն՝ ավելի արդար, բաց և հավասարակշռված, ակնհայտորեն հանդես է գալիս որպես խաղաղության և բարօրության օգտին միակ ճիշտ ընտրություն։

Աշխարհում, որը կորցրել է իր հավատը և շփոթության մեջ է, ավելի քան երբևէ կարևոր է պահպանել հոգևորությունն՝ այն համընդհանուր և սրբազան կապը, որը միավորում է մարդկանց՝ անկախ բոլոր տարաձայնություններից։

Մեր ջանքերը կենտրոնացած են հակամարտությունների վաղ նախազգուշացման, խաղաղ բնակչության պաշտպանության և չկարգավորված պատմական խնդիրներով տարածաշրջաններում միջմշակութային երկխոսության վրա։ Հենվելով ապառազմականացման, միջազգային իրավունքի և հավասար անվտանգության սկզբունքների վրա՝ մենք ամրապնդում ենք քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը՝ վստահություն ստեղծելու, ռասիզմը արմատախիլ անելու և թշնամանքը նվազեցնելու նպատակով։ Նման համագործակցությունը՝ քաղաքական տարաձայնություններից վեր, ծառայում է որպես խաղաղության կառուցման կառուցողական մոդել։

Պատմական ողբերգությունների՝ ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը և Երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործությունները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ներկայում տեղի ունեցող զանգվածային սպանություններն ու բնակչության տեղահանումները, ընդգծում են մշակութային հիշողության պահպանման և հաշտեցմանը նպաստելու կարևորությունը։ Այդ պատճառով մենք աջակցում ենք փաստերի հաստատման նախաձեռնություններին, պատմական ժառանգության պաշտպանությանը և խաղաղության կառուցման տեղական նախաձեռնություններին՝ ապահովելու ակտիվ կանխարգելիչ գործողություններ, որոնք կնպաստեն երկխոսության և համագործակցության գերակայությանը անջատողականության նկատմամբ»,- եզրափակել է Պիեռ դը Գոլը։